Համացանցում կրկին տարածվել է Գորբաչովի մասնակցությամբ Pizza Hut-ի գովազդը (տեսանյութ)
ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի մահից հետո համացանցում կրկին տարածվել է Pizza Hut-ի՝ նրա մասնակցությամբ գովազդային հոլովակը՝ նկարահանված 1997-ին, գրում է Daily Mail-ը:
Պարբերականը գրում է, որ Գորբաչովն աներևակայելի լիբերալ քաղաքական գործիչ էր, որի «գլասնոստի» (բացություն) և «պերեստրոյկայի» (վերակառուցում) քաղաքականությունն օգնել է վերջ դնել «սառը պատերազմին» և ներմուծել խիստ անհրաժեշտ ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներ Ռուսաստանում:
Իր հրաժարականից վեց տարի անց Գորբաչովը նկարահանվել է ամերիկյան պիցցա արտադրողի գովազդում: Գովազդը սկսվում է նրանից, որ Գորբաչովը թոռնուհու՝ Անաստասիա Վիրգանսկայայի հետ քայլում է Մոսկվայի հայտնի Կարմիր հրապարակով և մտնում Pizza Hut, որտեղ մյուս հաճախորդները արագորեն նկատում են նրա ժամանումը:
«Գորբաչովն է...Նրա պատճառով մենք տնտեսական խառնաշփոթի մեջ ենք »,- բացականչում է քննադատներից մեկը:
Դիտողությունը հերքվում է մեկ այլ հաճախորդի կողմից, որն ասում է. «Նրա շնորհիվ մենք հնարավորություն ունենք»։
Գորբաչովին քննադատը մեղադրում է նրան «քաղաքական անկայունություն» և «լիակատար քաոս» առաջացնելու համար, մինչդեռ նրա կողմնակիցը գովում է նրան «ազատություն» և «հույս» բերելու համար:
Հենց այն պահին, երբ նախկին նախագահի քննադատն ու համակիրը հայտնվում են բախման եզրին, մի կին ասում է.«Նրա շնորհիվ մենք ունենք շատ բաներ... ինչպես Pizza Hut-ը»:
Մի պահ կշռադատելուց հետո հակառակորդները, երկուսն էլ գլխով համաձայնության նշան են անում և ժպտում: Քննադատը վեր է կենում սեղանից, բարձրացնում է պիցցայի մի կտոր և ասում. «Գորբաչովի համար»։