Կրեմլի «էներգետիկ զենք»-ն է ընդդեմ Արևմուտքի. Ուկրաինայի վարչապետը` «Հյուսիսային հոսք 2»-ի մասին
Կիևը կշարունակի «Հյուսիսային հոսք 2» գազատարի շահագործման հանձնելու դեմ պայքարը, և նույնիսկ եթե չհասնի իր նպատակին, Եվրամիությունը կարող է էապես սահմանափակել գազատարի օգտագործումը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը լիտվական LRT հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Շմիգալը նախագիծը անվանել է Կրեմլի «էներգետիկ զենք» ընդդեմ Արևմուտքի:
«Ուստի մենք շարունակում ենք և շարունակելու ենք դեմ լինել դրա իրագործմանը և հնարավորինս շատ կողմեր ենք ներգրավելու այս գործընթացում»,-ավելացրել է վարչապետը:
Ըստ Շմիգալի, նույնիսկ այն փաստը, որ «Հյուսիսային հոսք 2» -ի կառուցումը մոտ է ավարտին, չպետք է խանգարի Կիևին պայքարել դրա դեմ:
«ԵՄ իրավասու մարմինները հնարավորություն ունեն սահմանափակելու «Գազպրոմ»-ի կողմից OPAL և EUGAL խողովակաշարերի օգտագործումը, որոնք և՛« Հյուսիսային հոսք », և՛« Հյուսիսային հոսք 2 »-ի ցամաքային շարունակություններն են՝ համաձայն ԵՄ երրորդ էներգետիկ փաթեթի պահանջների»,-եզրափակել է Ուկրաինայի վարչապետը:
Նշենք՝ «Հյուսիսային հոսք 2» նախագծով նախատեսված է Ռուսաստանի ափից Բալթիկ ծովի հատակով մինչև Գերմանիա երկու խողովակաշարից բաղկացած գազամուղ կառուցել, որով տարեկան 55 միլիարդ խմ ռուսական գազ կարտահանվի Գերմանիա: Նախագծին դեմ է ԱՄՆ-ն, որը ձգտում է եվրոպական շուկայում մեծացնել ամերիկյան թերթաքարային գազի սպառման ծավալները, ինչպես նաև՝ Ուկրաինան, քանի որ գազամուղի գործարկման դեպքում Կիևը դեպի ԵՄ գազի արտահանման հարցում Ռուսաստանի համար կկորցնի իր տարանցիկ նշանակությունը:
Ավելի վաղ Վաշինգտոնը մի քանի անգամ պատժամիջոցային սահմանափակումներ է կիրառել շինարարությանը ներգրավված ընկերությունների նկատմամբ, ինչի պատճառով նրանցից շատերը դուրս են եկել նախագծից, և գործընթացը դադարեցվել է: