Հայիթիի նախագահի սպանության համար կասկածվող անձանց ձերբակալել են Թայվանի դեսպանատանը. 28 կասկածյալներից 26-ը Կոլումբիայի քաղաքացիներ են
Հայիթիում նախագահ Ժովենել Մոիզի սպանության համար կասկածվող 11 անձինք ձերբակալվել են երկրում Թայվանի դեսպանատանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով դիվանագիտական առաքելությանը։
Հինգշաբթի առավոտյան Հայիթիի ոստիկանները դիվանագետներին տեղեկացրել են, որ ցանկանում են մտնել դեսպանատան տարածք՝ կասկածյալներին փնտրելու համար:
«Լինելով Հայիթիի Հանրապետության երկարամյա հավատարիմ ընկերն ու հուսալի գործընկերը՝ դեսպանատունն անմիջապես տվել է իր համաձայնությունը և թույլատրել ոստիկանությանը գործողություն իրականացնել (կասկածյալներին) գտնելու համար», - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Կոլումբիայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Մոիզի սպանության համար կասկածվում են հարավամերիկյան այս երկրի թոշակի անցած զինվորականները։ Հայիթիի իրավապահ մարմինները, իրենց հերթին, հայտնել են, որ պարզել են 28 ենթադրյալ հանցագործների ինքնությունը, որոնցից 26-ը Կոլումբիայի քաղաքացիներ են, երկուսը՝ հայիթական ծագմամբ ամերիկացիներ:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 17 կասկածյալ, ևս 7-ը սպանվել են ոստիկանության գործողությունների ընթացքում։
Հիշեցնենք, որ օրերս անհայտ անձինք գրոհել էին Հայիթիի նախագահի նստավայրը, սպանել նրան և վիրավորել տիկնոջը: Հաղորդվել էր, որ առաջին տիկինը նույնպես մահացել է ստացած վնասվածքներից, սակայն ավելի ուշ այդ լուրը հերքվել էր: Երկրում ռազմական դրություն է հայտարարվել: