«Թալիբան»-ը գրավում է նոր տարածքներ. թալիբներն այժմ էլ հայտարարել են Իրանի հետ սահմանին բնակավայր գրավելու մասին
«Թալիբան» արմատական շարժման անդամները վստահեցնում են, որ գրավել են Աֆղանստանի և Իրանի սահմանին գտնվող հիմնական սահմանային անցակետը, հայտնում է ria.ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով, որն էլ վկայակոչում է շարժման ներկայացուցիչներին:
Գործակալության տվյալներով՝ Իսլամ-Քալա բնակավայրն ամբողջությամբ անցել է նրանց վերահսկողության տակ:
«Թալիբան»-ի ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստի գործակալությանն ասել է, որ հարևան երկրները «կարող են հանգիստ լինել» սահմանների անվտանգության հարցում:
Աֆղանստանում այժմ պայքար է ընթանում կառավարական ուժերի և «Թալիբան» շարժման միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և հարձակումներ են պատրաստում մեծ քաղաքների դեմ: Սրացումը տեղի է ունենում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, որը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անվանել է Աֆղանստանում ԱՄՆ առաքելության ձախողման ընդունում:
Աֆղանստանի որոշ զինվորականներ անցնում են Տաջիկստանի տարածք: Դուշանբեն ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օգնել ամրապնդել հարավային սահմանները:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը, Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մասնակցությամբ ամենաերկարատև պատերազմը կավարտվի օգոստոսի 31-ին, երբ Աֆղանստանը կլքի հայրենիք վերադարձող ամերիկացի զինվորականների վերջին խումբը:
Բայդենը հավելել է, որ Միացյալ Նահանգները հասել է Աֆղանստանում իր առջև դրած նպատակին․ այն է՝ վերացնել «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը և դրա ղեկավար Ուսամա Բեն Լադենին։