«ԴՆԹ փորձաքննությունների գործընթացը դեռևս ավարտված չէ, 81 փորձանմուշ գտնվում է կրկնակի փորձաքննության փուլում». ԱՆ
«ԴՆԹ փորձաքննությունների գործընթացը դեռևս ավարտված չէ, քանի որ որոնողական աշխատանքները շարունակվում են»: Այս մասին ԳԱԼԱ-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«25.06.2021 թվականի դրությամբ կատարվել է դիակներից և մասունքներից վերցված 2769 փորձանմուշի նույնականացում: 81 փորձանմուշ դեռևս գտնվում է ԴՆԹ կրկնակի փորձաքննության փուլում»:
Հարցադրմանը՝ Հայաստանում քանի՞ դիահերձարան կա, որտեղ պահվում են զոհված զինծառայողների մարմիններն ու մասունքները, եւ Աբովյանի դիահերձարանից արված տեսանյութից հետո բարելավվե՞լ են այդ և նման այլ հաստատությունների պայմանները, ի՞նչ աշխատանքներ են արվել վիճակը շտկելու համար, նախարարությունից արձագանքել են.
«Ինչ վերաբերում է մնացած հարցադրումներին, ապա տեղեկացնում ենք, որ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել են քրեական գործեր: Ուստի, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` տեղեկատվություն չենք կարող տրամադրել, քանի որ այն հանդիսանում է նախաքննական գաղտնիք»:
Հիշեցնենք, որ վերջերս Աբովյանի դիահերձարանի նկուղից լուսանկարներ և տեսանյութեր էին տարածվել՝ գետնին տեղավորված պարկեր, որոնցում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքներն էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:
Անահիտ Չալիկյան
The post «ԴՆԹ փորձաքննությունների գործընթացը դեռևս ավարտված չէ, 81 փորձանմուշ գտնվում է կրկնակի փորձաքննության փուլում». ԱՆ appeared first on ԳԱԼԱ.