Նախնական պայմանավորվածությամբ՝ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց պետք է տար «Հանրային» ՀԸ-ին՝ նախագահին հարմար վայրում, սակայն Հեռուստաընկերությունը մերժեց. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)
Մենք նախնական պայմանավորվածություն ենք ունեցել Պետրոս Ղազարյանի հետ, որ «Հանրային» ՀԸ-ին Քոչարյանը հարցազրույց կտա, և որ այդ հարցազրույցը պետք է տեղի ունենա նախագահի համար հարմար վայրում, ինչպես դա տեղի է ունենում վերջին բոլոր տարիներին, և, ընդհանրապես, նման պրակտիկա կա, որ այդ ստատուսն ունեցող մարդկանց համար հեռուսաընկերությունները հատուկ մոտեցում են ցուցաբերում, սա սովորական պրակտիկա է, ոչինչ չկա։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսն հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Վիկտոր Սողոմոնյանը։
«Մենք պայմանավորվեցինք այդ մասին, ֆիքսեցինք հարցազրույցի օրը, ցավոք սրտի, դրանից մի քանի օր հետո, ինձ տեղեկացրին, որ «Հանրային» ՀԸ տնօրինությունը կտրականապես դեմ է, որ լինի արտագնա հաղորդում, իրենք պայման դրեցին, որ մենք պետք է գնանք տաղավար, այնտեղ պետք է լինի տեսագրությունը։ Մեզ համար ցանկացած նախապայմանի առկայությունն այս պարագայում արդեն խնդրահարույց էր, բայց այստեղ հասկանալի դարձավ, որ պայմանավորվածությունները չեն պահվում, և հստակ էր, որ մենք գուցե պայմանավորվենք նաև տաղավարային հանդիպման մասին, բայց դա ևս 1-2 օր առաջ չեղարկվեր»,-մանրամասնեց նա։
Ինչ վերաբերում է դեբատներին, Սողոմոնյանն ասաց, թե դրանք հանրության աչքում կորցրել են իմաստը և չեն կարող լինել բովանդակային, ունենալ առարկայական բնույթ։
«Նաև՝ Նիկոլ Փաշինյանի հետ նույն վայրում գտնվելն ամոթալի է, ուր մնաց՝ ինչ-որ բանի մասին բանակցելը»,-ասաց նա։