Այսօր մի շիրակցի ասաց, որ ամաչում է մեր երկրի առաջին դեմքից․ ես էլ ունեմ այդ ամոթի զգացումը․ եկեք բոլորս անենք ամեն ինչ, որ հունիսի 20-ին ամոթից ազատենք մեր երկիրը․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Ես գյումրեցի չեմ, բայց 10 տարվա ընթացքում այնպես ստացվեց, որ իմ սրտի մի մասը մնաց Գյումրիում։ Առաջին անգամ Գյումրի եկել եմ 1997-ին, երբ նորանշանակ վարչապետ էի, վիճակն այնպիսին էր, որ երդվել եմ ինքս ինձ համար, որ այս քաղաքի դեմքը պետք է փոխենք, վերականգնենք։ Այս մասին «Հայաստան» դաշինքի՝ Գյումրիում կայացած հանրահավաքին հայտարարեց դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
«Այսօր, Գյումրիում շրջելով, կարող եմ ասել՝ ճանաչում եմ բոլոր շենքերը, նույնիսկ հիշում եմ՝ որ շինարարը որ շենքն էր կառուցում կամ ամրացնում, բոլոր հրապարակները։ Մեկ-մեկ մտածում եմ՝ ոնց ստացվեց, բայց Գյումրին կարծես Ստեփանակերտից ավելի լավ եմ ճանաչում»,-ասաց նա։
Նա ընդգծեց՝ գալիս են այդ կիսատ գործը շարունակելու, քաղաքացիների կյանքը բարելավելու համար։
«Վստահ եղեք, որ երբ խոսում ենք ՀՀ-ի մասին, խոսում ենք ՀՀ-ի տարբեր մարզերի համաչափ զարգացման մասին։ Ինձ համար չափազանց հաճելի էր տեսնել, որ Գյումրին դառնում է տուրիստական կենտրոն, և դուք այդ պոտենցիալն իսկապես ունեք, մենք վստահ ենք, որ գալիս ենք ձեր հզորությունն ավելացնելու, առաջ մղելու, բոլորի համար համերաշխություն բերելու, երկիրը զարգացնելու»,-ասաց նա։
ՀՀ երկրորդ նախագահը նշեց նաև, թե այսօր Շիրակում մի մարդ հետաքրքիր բան է ասել իրեն, որ ամաչում է մեր երկրի առաջին դեմքից։
«Ես էլ ունեմ այդ ամոթի զգացումը։ Եթե մի շենքում մի «շաշ» է լինում, որ հիմար բաներ է անում, ամբողջ շենքն ամաչում է այդ «շաշի» համար․ հիմա մենք այդ ամոթը մեզ վրա՞ ենք թողնելու։ Եկեք բոլորս անենք ամեն ինչ, որ հունիսի 20-ին ամոթից ազատենք մեր երկիրը։ Մեր նպատակն է բերել արժանապատիվ խաղաղություն, պետք է պաշտպանենք մեր սահմանները, վերականգնենք մեր հարաբերությունները դաշնակից պետությունների հետ, ՀՀ-ի համար տնտեսական վերելք ապահովենք»,-հայտարարեց նա։