Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման, բայց մենք պատրաստվում ենք բողոքարկել դատավճիռը. փաստաբան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց Սերժ Սարգսյանի եղբորորդի՝ Նարեկ Սարգսյանի գործով դատավճիռը, ըստ որի՝ Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5.5 տարվա ազատազրկման: Tert.am-ի հետ զրույցում փաստաբան Արթուր Պիվազյանը մանրամասներ ներկայացրեց:
«Դատավճռով՝ Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման և հաշվակցելով Սարգսյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը, նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 3,5 տարի ժամկետով ազատազրկումը»,- նշեց Արթուր Պիվազյանը:
Փաստաբանը նաև նշեց, որ գործի առթիվ այլ մանրամասների տեղյակ չէ, քանի որ դատական ակտը դեռ իրենց չի տրամադրվել:
«Մենք պատրաստվում ենք բողոքարկել դատական ակտը: Խնդիրը կայանում էր նրանում, որ Նարեկ Սարգսյանին Չեխիայից Հայաստանի Հանրապետությանը հանձնելու առթիվ, մասնավորապես մի քանի կոնվենցիաների համաձայն ասվում է, որ անձը չի կարող դատապարտվել այն արարքի համար, որով չի հանձնվել»,- նշեց փաստաբանը:
Նա նաև մանրամասնեց, որ Նարեկ Սարգսյանը հանձնվել է մի հոդվածով, բայց դատապարտվել լրիվ այլ հոդվածով: «Քրեական գործը դատարան մտել է մեկ այլ հոդվածով, բայց ինքը փաստացի դատապարտվեց լրիվ այլ հոդվածներով, որոնցով չէր հանձնվել Հայաստանի Հանրապետությանը, իսկ այս հարցին դատարանը չանդրադարձավ որոշման հրապարակման մեջ»,- ասաց Արթուր Պիվազյանը:
Նշենք, որ Նարեկ Սարգսյանը մեղավոր ճանաչվեց զենք-զինամթերքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև անձի առևանգումը կազմակերպելու համար, իսկ նախորդ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը մնաց անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: