Պրոգրեսիստ դեմոկրատները Բայդենին կոչ են արել համագործակցել Ռուսաստանի հետ
ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջադիմական խմբակցության տասնհինգ անդամ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին կոչ է անում՝ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ աշխատել հարցերի մի ամբողջ շարքի շուրջ՝ սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունից մինչև կլիմայի փոփոխություն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Այդ բանակցությունների ընթացքում մենք հույս ունենք, որ Դուք առաջնահերթ ուշադրություն կհատկացնեք այն բանին, թե ԱՄՆ-ն և Ռուսաստանը ինչպես կարող են միասին աշխատել, որպեսզի նվազեցնեն լարվածությունը վիճելի բնագավառներում և համագործակցեն այն ոլորտներում, որոնք գլոբալ նշանակություն ունեն»,-պորտալը մեջբերում է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Փրամիլա Ջայափալի գլխավորությամբ պրոգրեսիստ դեմոկրատների խմբի հաղորդագրությունը:
«ԱՄՆ-ն և Ռուսաստանը միասին ունեն համաշխարհային միջուկային մարտագլխիկների ավելի քան 90 տոկոսը: Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև զինված հակամարտությունը աղետ կդառնա երկու երկրների համար, Եվրոպայի համար, մեր դաշնակիցների և ամբողջ աշխարհի համար»,-նշել են նրանք:
Պուտինի հետ Բայդենի բանակցությունները տեղի կունենան հունիսի 16-ին Ժնևում: Ավելի վաղ ԱՄՆ-ի կոնգրեսականները ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովի նախաշեմին Բայդենին կոչ են արել՝ Պուտինի հետ զրույցում խստություն ցուցաբերել կիբեռգրոհներին վերաբերող հարցում: