Sky News-ն ընդհատել է Ջոնսոնի ելույթի հեռարձակումը՝ Պուտինի ժամանումը Ժնև ցույց տալու համար (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական Sky News հեռուստաընկերությունն ընդհատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ Համայնքների պալատում ավանդական հարցուպատասխանի հեռարձակումը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Ժնևի «Լա Գրանժ» վիլլա ժամանելու կադրերը ցույց տալու համար, գրում է vz.ru-ն:
Սկզբում, մինչ Ջոնսոնը խոսել է, հեռուստաէկրանը բաժանվել է երկու մասի: Դրանցից մեկը փոխանցել է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի պատասխանները, իսկ մյուսը՝ Ռուսաստանի առաջնորդի ավտոշարասյան շարժումը Ժնևի փողոցներով: Հետո, երբ Պուտինը դուրս է եկել մեքենայից, ալիքն ամբողջ էկրանով հեռարձակել է` ինչ է կատարվում Շվեյցարիայում:
Sky News-ը ցույց է տվել, թե ինչպես է Ռուսաստանի նախագահին դիմավորում շվեյցարացի իր գործընկեր Գի Պարմելինը, և ինչպես են քաղաքական գործիչները շենք մտնում: Հեռուստաալիքը այնուհետև վերադարձել է խորհրդարանում Ջոնսոնի ելույթը հեռարձակելուն, բայց շուտով նորից կիսել է էկրանը՝ ցույց տալու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ավտոշարասյան շարժը:
Երբ ամերիկյան վարչակազմի ղեկավարի շարասյունը կանգ է առել վիլլայի դիմաց, Ջոնսոնի ելույթի հեռարձակումը կարճ ժամանակով կրկին ընդհատվել է: Այնուամենայնիվ, երբ երկու առաջնորդները հանդիպել են վիլլայի դիմաց, Sky News-ը սկսել է երրորդ անգամ հեռարձակել այն, ինչ կատարվում էր Ժևում՝ ցույց տալով Պարմելենի բացման խոսքը, և «վերադարձել է» Համայնքների պալատ միայն մի քանի րոպե անց, սակայն մի քանի րոպե անց դարձյալ ընդհատել է այն՝ հեռարձակելով Պուտին-Բայդեն հանդիպման առաջին կադրերը:
Այնուամենայնիվ, BBC-ն, իր հերթին, չի ընդհատել վարչապետի ելույթի հեռարձակումը, սակայն, երբ սկսվել է հանդիպումը, որոշ ժամանակ լրատվամիջոցը բաժանել է էկրանը 2 մասի՝ Ժնևից կադրեր ցուցադրելու համար: