Որոշ ուժեր ՀՀ տնտեսական կառուցվածքի վերանայման հետաքրքիր մոտեցումներ ունեն. Լիլիա Ամիրխանյան (տեսանյութ)
«Շատ կարևոր է, որ հաջորդ իշխանությունն իր տնտեսական քաղաքականության մեջ ունենա ՀՀ տնտեսական կառուցվածքի վերանայման հարցը: Նախընտրական ծրագրերում որոշ ուժեր այս իմաստով ունեն բավական հետաքրքիր մոտեցումներ»: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. տնտեսություն» հատվածում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանն՝ անդրադառնալով կուսակցությունների նախընտրական ծրագրերի տնտեսական դրույթներին:
«Այս իմաստով ընդգծված մոտեցում ունի «Պատիվ ունեմ» դաշինքը, որն առաջարկում է սպառողական տնտեսությունից անցում կատարել արտադրողական աճի վրա հիմնված մոդելի: Դաշինքն այս համատեքստում առաջարկում է «գաղափար- փոքր բիզնես- միջին և խոշոր ձեռնարկատիրություն» սխեման, որի տրամանաբանական շարունակությունն իդեալական պարագայում պետք է լինի արտահանման ուղղվածության գործունեությունը»,- նշել է Լ. Ամիրխանյանը: Նա նշել է նաև, որ սպառողական տնտեսությունից անցման մասին դրույթ կա նաև ԲՀԿ նախընտրական ծրագրում:
«Հայաստան» դաշինքն այս մասով առաջարկում է ՓՄՁ ոլորտի խնդիրների շեշտադրում, հնարավորության դեպքում հարկատեսակների կրճատում կամ մեկ հարկատեսակի սահմանում»: Լիլիա Ամիրխանյանը նշել է նաև, որ տնտեսության կառուցվածքի փոփոխության առաջարկներով հանդես են գալիս նաև «Մեր տունը Հայաստանն է» և «5165 շարժում» կուսակցությունները:
«5165 շարժում» կուսակցության ներկայացուցիչներն առաջ են քաշում երկարաժամկետում շինարարության և հանքահումքային հենքի վրա մնալու խնդրահարույց լինելը՝ փոխարենն առաջարկելով ռազմարդյունաբերության, կրթության, առողջապահության և տուրիզմի զարգացում»,- ասել է Լ. Ամիրխանյանը:
Փորձագետը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես այդպիսին տնտեսությունում ինստիտուցիոնալ փոփոխություններ չի նախատեսում. «Ինչպես և մնացած բաժիններում, տնտեսական ծրագրում ևս այս ուժ ներկայացրել է՝ ինչ է արել և ինչ է անելու: Իսկ թե ինչ է արել, բոլորս տեսնում ենք այս պահին մեր տնտեսական վիճակում»:
Անդրադառնալով կուսակցությունների կողմից հաղորդակցությունների խնդրին անդրադարձերին՝ Լ. Ամիրխանյանը նշել է, որ առանձին ենթաբաժնով անդրադարձ ունի «Հայաստան» դաշինքը: «Տարածաշրջանային համագործակցության նոր օրակարգ կոչվող ենթաբաժնում բավական մանրամասն կան ուղղություններ, որոնք նախանշել է ուժը, այդ թվում՝ հյուսիս-հարավ երթուղին, Քաջարանի թունելի կառուցում, Հայաստանի՝ օդային տարանցիկ հանգույց դառնալու հնարավորությանը Իրանի և Չինաստանի միջև, հնարավոր աջակցությունը Վրաստան-Աբխազիա հաղորդակցության ձեռքբերման համար և այլն»,- նշել է Լ. Ամիրխանյանը: Ըստ նրա, «Պատիվ ունեմ» դաշինքը այս խնդրին անդրադառնում է արտաքին առանձին ուղղությունների համատեքստում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղորդակցությունները դիտարկում է նոյմեբերի 10-ի հայտարարության տրամաբանության ներքո, իսկ այս պահին եղած իրողությունները մեզ թույլ են տալիս ենթադրելու, որ մեղմ ասած այդտեղ Հայաստանի շահն այնքան էլ արտացոլված չէ»,- նշել է փորձագետը:
Լ. Ամիրխանյանն ասել է, որ հաղորդակցությունների հարցին անդրադարձել են նաև «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ներկայացուցիչները՝ կարևորելով Զանգեզուրի հարցը մեզ համար:
Մանրամասները՝ տեսանյութում: