Բրազիլիայում դադարել են հրապարակել կորոնավիրուսով վարակման ընդհանուր տվյալները
Բրազիլիայի իշխանությունները դադարել են երկրում կորոնավիրուսով վարակման ընդհանուր դեպքերի մասին տվյալներ հրապարակել:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, կայքը, որում Բրազիլիայի առողջապահության նախարարությունը հրապարակում է «Քովիդ-19»-ով պայմանավորված հիվանդություն ունեցողների վիճակագրությունը, ուրբաթ դադարել է աշխատել: Շաբաթ կայքը կրկին հասանելի է դարձել, սակայն այնտեղ այլևս չեն արտացոլվում առանձին նահանգներում և ընդհանուր առմամբ երկրում վարակվածների տվյալները: Այժմ հասանելի են միայն հիվանդության մեկօրյա աճի տվյալները:
Երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն իր թվիթերյան էջում հայտնել է, որ նախորդ վիճակագրությունը թույլ չէր տալիս գնահատել երկրում տիրող իրավիճակը, իսկ մեկօրյա տվյալներն օգնում են տեսնել ընթացիկ իրավիճակն ու որոշումներ կայացնել:
Worldometers.info կայքի տվյալներով՝ հարավամերիկյան երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել են 678 հազարը, մահացության ցուցանիշը՝ 36 000-ը: