Համավարակի դեմ պայքարում ամենադժվարը պացիենտների թերահավատությունն է և ապատեղեկատվության տարածումը. բժիշկ Պետրոսյան
Բժիշկ-նյարդաբան Խաչիկ Պետրոսյանն աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Բժշկի աշխատանքային առօրյան համավարակի օրերին փոխվել է։ Նա իր գործընկերների հետ առաջնագծում է։
Հիվանդանոցը վերապրոֆիլավորելուց հետո սկսել է աշխատել կորոնավիրուսով վարակված պացիենտների հետ, նաև այն պացիենտների, ովքեր կորոնավիրուսին զուգահեռ ունեն նյարդաբանական խնդիրներ։
Նրա խոսքերով՝ իրենց բուժհաստատություն տեղափոխված պացիենտները տարբեր են. «Մեզ մոտ գալիս են պացիենտներ, որոնք ունեն նորմալ տեղեկատվություն խնդրի մասին, խուճապային տրամադրվածությունը մեծ չէ։ Ամեն ազգի մոտ տարբեր է կոլեկտիվ գիտակցությունը։ Համաճարակային իրավիճակում, քանի որ վարակը ոչ բոլորին է հարվածում, դրա համար ակնառու չէ այդ երևույթը շատերի համար։ Մենք գործ ունենք մարդկանց տարբեր խմբերի հետ, ովքեր ուղղակիորեն չեն ուզում հավատալ, քանի խնդիրն իրենց կամ իրենց հարազատին չի հարվածել։ Մենք չունենք սոցիալական պատասխանատվություն կրող հասարակություն։ Պատասխանատվություն չեն կրում սեփական առողջության և անվտանգության համար, առավել ևս դիմացինի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց բժիշկ Պետրոսյանը։
Ըստ նյարդաբանի՝ համավարակի դեմ պայքարում ամենադժվարը պացիենտների թերահավատությունն է և ապատեղեկատվության տարածումը:
«Համաճարակի պայքարում ամենադժվարը պացիենտների սոցիալական պատասխանատվության և իրավագիտակցության բացակայությունն է։ Նրանք չեն պատկերացնում վարակի լրջությունը, համաճարակի վտանգավորության աստիճանը։ Պացիենտները նույնիսկ հիվանդանոցում գտնվելիս կամ վարակված լինելու, գանգատներ ունենալու պարագայում էլ շարունակում են թերահավատորեն վերաբերվել և թերահավատորեն մոտենալ հարցին։ Ստեղծված բարդ իրավիճակում դրանք ավելորդ դժվարություններ են ստեղծում»։
Բժիշկը չի դժգոհում իր ծանրաբեռնված աշխատանքից, ասում է, որ միայն կարոտել է մտերիմներին. «Ավելի շատ մտերիմներիս, ծնողներիս և ընտանիքիս անդամներին եմ կարոտել։ Այսօր խուսափում ենք նրանց տեսնել, հնարավոր ռիսկայնությունից խուսափելու համար։ Բոլոր բուժաշխատողները, ինչպես նաև ես, կարոտել ենք մեր առօրյա աշխատանքին, որով աշխատում էինք, ռիթմին, այն կյանքին, որը ունեցել ենք մինչև այս պահը»,- նշեց Խաչիկ Պետրոսյանը։
Առողջապահական համակարգն այս օրերին աշխատում է արտակարգ ռեժիմով։ Բուժաշխատողները ևս ապահովագրված չեն կորոնավիրուսով վարակվելուց, բայց նրանք չեն ընկրկում, որպեսզի փրկվեն կյանքեր և կասեցվի վարակի հնարավոր տարածումը։
Անահիտ Չալիկյան
The post Համավարակի դեմ պայքարում ամենադժվարը պացիենտների թերահավատությունն է և ապատեղեկատվության տարածումը. բժիշկ Պետրոսյան appeared first on ԳԱԼԱ.