Չինաստանը պնդում է, որ անմիջապես տեղյակ է պահել ԱՀԿ-ին կորոնավիրուսի բռնկման մասին. զեկույց
Չինաստանը պնդում է, որ կորոնավիրուսի բռնկման մասին անմիջապես տեղյակ է պահել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և այլ համապատասխան կողմերին:
Ինչպես փոխանցում է CNN-ը, կիրակի հրապարակված զեկույցում, որում ներկայացվել են Չինաստանի գործողությունները նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում, երկրի Տեղեկատվական պետական գրասենյակի խորհուրդը հայտնել է, որ «Չինաստանն անմիջապես տեղեկացրել է ԱՀԿ-ին և տարածաշրջանային կազմակերպություններին համաճարակի բռնկման մասին»:
Զեկույցում նշվում է, որ Չինաստանը «տրամադրել է գենոմի հաջորդականության և «Քովիդ-19»-ի հայտնաբերման նախնական փորձանմուշների մասին տվյալները և կանոնավոր կերպով իրազեկել է ԱՀԿ-ին համաճարակի իրավիճակի մասին»:
Մի շարք երկրներ, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, պարբերաբար քննադատում են Չինաստանին համաճարակի բռնկման առաջին օրերին այդ մասին տեղեկությունը միտումնավոր թաքցնելու մեջ:
Զեկույցի համաձայն՝ Չինաստանի Ազգային առողջապահական հանձնաժողովը կորոնավիրուսի համաճարակային բնույթը հաստատել է հունվարի 8-ին: