Նյու Յորքի քաղաքապետը չեղարկել է Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո չդադարող բողոքի ցույցերի ֆոնին սահմանված պարետային ժամը
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն որոշել է չերկարաձգել ԱՄՆ խոշորագույն քաղաքում սահմանված պարետային ժամը, որը սպառվում է կիրակի: Այս մասին քաղաքագլուխը հայտել է իր թվիթերյան էջում:
«Մենք չեղարկում ենք պարետային ժամը: Այս որոշումն անմիջապես ուժի մեջ է մտնում: Երեկ և նախորդ գիշեր քաղաքի բնակչությունն իրեն լավագույնս է դրսևորել»,- գրել է դե Բլազիոն:
Վերջինս հիշեցրել է, որ երկուշաբթի քաղաքն անցնում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների մեղմացման առաջին փուլին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները երկրում չդադարող ցույցերի ֆոնին օրեր շարունակ պարետային ժամ էին սահմանում շուրջ 40 քաղաքում, ինչպես օրինակ՝ Լոս Անջելեսում, Մինեապոլիսում, Դալասում (Տեխաս), Դենվերում, Սենթ Փոլում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում, Մայամիում, Չիկագոյում:
ԱՄՆ-ում զանգվածային ցույցերը մեկնարկել են մայիսի 25-ին Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտի սպանությունից հետո: Մինեապոլիսի ոստիկանության նախկին սպան, ծնկով սեղմած պահելով տղամարդու պարանոցը, խեղդամահ է արել նրան: Կատարվարծից զայրացած քաղաքացիները պահանջում են խստագույնս պատժել ինչպես սպանության հեղինակին, այնպես էլ նրա կողքին կանգնած մյուս երեք ոստիկաններին, որոնք ոչինչ չեն արել Ֆլոյդին փրկելու համար: