Վրաց մասնագետը խոսել է արտասահմանցի զբոսաշրջիկների համար նախատեսվող կարգավորումների մասին
Վրաստանի իշխանությունները փորձում են «ոսկե չափանիշ» գտնել երկիր ժամանող արտասահմանցի զբոսաշրջիկների համար կանոններ մշակելիս: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս մասին վրացական Հանրային հեռուստատեսությանը հայտնել է Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և իմունոլոգիայի կենտրոնի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
Հուլիսի մեկից Վրաստանը սահմանները կբացի արտասահմանցի զբոսաշրջիկների առաջ: Այնուամենայնիվ, իշխանությունները դեռ չեն որոշել, թե ինչ է պահանջվելու ճանապարհորդներից:
Ցերցվաձեն նշել է նաև, որ զբոսաշրջիկներն ուղղակի չեն գա Վրաստան, եթե պահանջները չափազանց խիստ լինեն: «Մի կողմից այնպիսի միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի ապահովենք անվտանգությունը, իսկ մյուս կողմից՝ չկորցնենք զբոսաշրջիկներին: Եթե չափազանց խիստ կարգավորումներ սահմանենք երկրում, զբոսաշրջիկները չեն գա»,- ասել է մասնագետը:
Նա հավելել է, որ զբոսաշրջիկներին պետք է տեղյակ պահեն այն պաշտպանիչ միջոցառումների մասին, որոնք պահպանում են նաև Վրաստանի քաղաքացիները: Խոսքը ձեռքերը հաճախ լվանալու, սոցիալական հեռավորություն պահպանելու և բժշկական դիմակ կրելու մասին է:
Փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում կորոնավիրուսով վարակման 809 դեպք է արձանագրվել, որոնց 15 տոկոսն է միայն ակտիվ վարակակիր ներկա պահին: 674 մարդ ապաքինվել է, 13 հիվանդ՝ մահացել:
Հունիսի 8-ից Վրաստանում մեկնարկում է սահմափակումների չեղարկման հերթական փուլը, այսինքն՝ վերականգնվելու են միջազգային ուղևորափոխադրումները, ռեստորանների, սրճարանների, բարերի, հյուրանոցների և արժույթի փոխանակման կետերի աշխատանքը: