Չինաստանը խոստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել, որը հասանելի կլինի ամբողջ աշխարհին
Չինաստանի իշխանությունները պատրաստվում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել, որը կլինիկական բոլոր փորձարկումները անցնելուց հետո հասանելի կլինի ամբողջ աշխարհին: Այս մասին տեղեկացնում է politics.people.com.cn կայքը` հղում տալով Չինաստանի գիտության և տեխնիկայի նախարար Վան Չժիգանին:
Նախարարը հայտարարել է, որ Պեկինը կկատարի իր բոլոր պարտավորությունները, որոնց մասին Առողջապահության համաշխարհային ասսամբլեայի 73-րդ նստաշրջանին ասել է ՃԺՀ ղեկավար Սի Ցզինպինը:
Վան Չժիգանի խոսքերով այժմ պատրաստման փուլում է գտնվում 5 տեսակ պատվաստանյութ, դրանցից որոշները արդեն փորձարվում են: Աշխատանքներում առաջնահերթությունը տրվում է անվտանգությանը, արդյունավետությանն ու դեղամիջոցների հասանելոիթւոյանը:
«Ինչպես ցույց է տալիս համաճարակների դեմ մարդկության պայքարի պատմությունը, դրանց դիմակայելու հիմնաքարային մարտավարությունը հենց պատվաստանյութերի ստեղծումն է: Հաջորդ փուլերում նույնպես աշխարհին հարկավոր է ուժեղացնել համագործակցությունը այս հարցում»,-ասել է նախարարը:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 6 997 348 է, մահացել է 402 495 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: