Լոնդոնում հակառասիստական ցույցեր իրականացնողների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել
Լոնդոնում հակառասիստական ցույցեր իրականացնողների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, հայտնում է Reuters-ը:
Շաբաթ օրը՝ հունիսի 6-ին, հազարավոր ցուցարարներ հավաքվել են քաղաքի կենտրոնում՝ իրենց զայրույթն արտահայտելու ԱՄՆ-ում սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ոստիկանության իրականացրած բիրտ գործողությունների առնչությամբ:
Բողոքի խաղաղ ակցիայի ընթացքում մի խումբ ցուցարարներ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կեցավայրի մոտ շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, վերջիններն էլ ցուցարարներին փորձել են ետ մղել: Բախումների հետևանքով մեկ ոստիկան հոսպիտալացվել է, ևս 9-ը վնասվածքներ են ստացել: Լոնդոնի ոստիկանությունը 14 ցուցարարի է բերման ենթարկել:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին: Դրանից հետո ողջ երկրով մեկ օրեր շարունակ չեն դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար: Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել:
Բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև եվրոպական ու ասիական տարբեր քաղաքներում: