Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռը վայրէջքից հետո դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել. 21 մարդ հոսպիտալացվել է
Իզմիրից Ստամբուլ ժամանած ինքնաթիռը Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղու սահմաններից:
Ինչպես հայտնում է Daily Sabah-ը, կատարվածի հետևանքով Pegasus Airlines ավիաընկերության օդանավը երեք մասի է բաժանվել և բռնկվել է: Օդանավի 171 ուղևորներն ու անձնակազմի վեց անդամը տարհանվել են: Դեպքի վայրում այս պահին աշխատում են հրշեջներն ու շտապ օգնության հաշվարկները:
Տրանսպորտի նախարարը հայտնել է, որ զոհեր չկան, սակայն մի քանի ուղևորներ վնասվածքներ են ստացել: Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել կոշտ վայրէջքի պատճառով:
Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայայի խոսքով՝ 21 մարդ հոսպիտալացվել է: Օդանավակայանը ժամանակավորապես փակվել է: