Բիլ Գեյթսի հիմնադրամը մինչև 100 մլն դոլար կհատկացնի նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա կնոջ՝ Մելինդայի բարեգործական հիմնադրամը մինչև 100 մլն դոլար կհատկացնի 2019-nCoV կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է հիմնադրամի կայքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հիմնադրամը 10 մլն դոլար կհատկացնի Չինաստանում և Աֆրիկայի երկրներում կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների համար: Հաղորդագրության համաձայն՝ մինչև 100 մլն դոլարի չափով ֆինանսավորումը կներառի նաև հունվարին հատկացված 10 մլն-ը:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, հիմնադրամը մինչև 20 մլն դոլար կհատկացնի կորոնավիրուսով ախտորոշված մարդկանց մեկուսացումը և բուժումն արագացնելու համար: Դրամական միջոցներն ուղարկվելու են բազմապրոֆիլ կազմակերպություններին, ինչպես օրինակ՝ ԱՀԿ-ին և ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններին:
Բացի այդ, 60 մլն դոլար կհատկացվի պատվաստանյութերի, բուժման և ախտորոշման մեթոդների որոնման, մշակման և փորձարկման աշխատանքների համար:
Առողջապահության համաշխարհային հիմնադրամն ավելի վաղ կոչ էր արել միջազգային հանրությանը 675 մլն դոլար հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: