Կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար սինգապուրցի նորապսակներն իրենց սեփական հարսանիքին «այցելել են» տեսակապի միջոցով
Սինգապուրում հարսն ու փեսան իրենց սեփական հարսանիքին ներկա են գտնվել տեսակապի միջոցով միայն: Ինչպես հայտնում է Oddity Central-ը, նորապսակները վերջերս այցելել էին Չինաստան և որոշել են չմիանալ հյուրերին անվտանգության նկատառումներից ելնելով:
Վերջիններս օրեր առաջ եղել էին Չինաստանի Հունան նահանգի գյուղերից մեկում, որտեղ այցելել էին փեսայի մայրիկին: Վերադառնալուն պես նրանք որոշել են 14 օրվա կարանտինը պահպանել և վիրուսի տարածման պատճառ չդառնալու համար նրանք հյուրանոցի սենյակից են ողջունել իրենց հարսանիքի հյուրերին:
Զույգը նման որոշում է կայացրել հարսանիքը հետաձգելու փոխարեն, որին, ի դեպ, ներկա են գտնվել բոլոր հրավիրվածները, թեև տեղյակ էին, որ հարսն ու փեսան տեղում չեն լինելու:
Նշվում է, որ հարսի ծնողները ևս Չինաստան էին մեկնել իրենց հետ, այդ իսկ պատճառով նրանք նույնպես հարսանյաց հանդեսին չեն մասնակցել: Հյուրերին զբաղեցնելու պարտականությունը կատարել է հարսի քույրը, իսկ նորապսակները նրանց հետևել են տեսակապի միջոցով: