Tesla-ի բաժնետոմսերը կտրուկ գնանկում են գրանցել
Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերության բաժնետոմսերը երկու անգամ ռեկորդային գնաճ գրանցելուց հետո միանգամից 15 տոկոսով գնանկում են ունեցել:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով NASDAQ ֆոնդային բորսայի տվյալները, 21:00-ի դրությամբ արժեթղթերի գնանկման գործակիցը կազմել է 14 տոկոս:
Մեկ բաժնետոմսի գինը կազմում է 763.5 դոլար: Նախօրեին աճուրդի սկզբին այդ ցուցանիշը կազմում էր 780 դոլար:
Տարեսկզբին ընկերության գրանցած գնաճը պայմանավորված է եղել մի քանի գործոնով, որոնց թվում՝ Չինաստանում առաջին գործարանի բացումը և անցյալ շաբաթ հրապարակված հաշվետվությունը, որում խոսվում էր եկամտի 14.5 տոկոսով աճի և ռեկորդային թվով ավտոմեքենաներ մատակարարելու մասին:
Իսկ գնանկման համար պատճառ է դարձել փետրվարի 5-ին ընկերության հաղորդումը կորոնավիրուսի պատճառով առաջացած խնդիրների մասին. Tesla-ն ստիպված է եղել հետաձգել Չինաստանում իրականացվելիք վաճառքը, որը նախատեսված էր փետրվարի սկզբին: