ՀՀ ոստիկանապետի ԺՊ-ն ստանձնել է ոստիկանությունն անվերապահորեն Նիկոլ Փաշինյանի շահերին ծառայեցնելու պարտականություն. Դ. Շահնազարյանը՝ Ռ. Հայրապետյանին բերման ենթարկելու մասին (տեսանյութ)
ՀՀ ոստիկանապետի ԺՊ-ն ստանձնել է ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի շահերին ծառայեցնելու անվերապահ պարտականություն, և որևէ օրենք, օրինականություն չեն կարող դրան խոչընդոտել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:
Անդրադառնալով երեկ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելուն՝ Շահնազարյանն ասաց, թե իր խորին համոզմամբ՝ բերման ենթարկելու իրական պատճառը Նիկոլ Փաշինյանի կողմից արևմտյան որոշ շրջանակներին հասցեագրված ուղերձ էր:
«Արևմտյան այն շրջանակներին, որոնց Նիկոլ Փաշինյանը հաշվետու է, և որոնք իրեն օգնել են իշխանության գալ միմիայն մի նպատակի համար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող: Սա ուղերձ էր այդ շրջանակներին, որ հանուն մի խնդրի լուծման, այսինքն՝ այն, ինչ նա անում է Լեռնային Ղարաբաղի դեմ, պատրաստ է Հայաստանում հաստատել բռնատիրություն, և այդ լծակներն արդեն ունի: Ասում է՝ ունեմ ոստիկանություն, որը հասարակությանը հայտնի գործիչների առանց որևէ լուրջ հիմնավորման, տեսախցիկների առաջ պառկեցնում է ասֆալտին, ամեն ինչ անում է, ուրեմն՝ որևէ ներքին դիմադրություն, քաղաքացիական բողոքի ալիք այս հարցով ճնշելու եմ: Անելու եմ այն, ինչ խոստացել եմ»,-մեկնաբանեց Շահնազարյանը՝ նշելով նաև, թե բերման ենթարկելով կողմնակի հարցեր է նաև լուծում՝ անընդհատ փորձելով փոխել այն օրակարգը, որ հիմա հանրությունն ակտիվորեն քննարկում է, օրինակ՝ գրիչի թեման, ՀԴՄ-ի պատմությունը:
Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականներին՝ Շահնազարյանն ասաց, թե Նիկոլ Փաշինյանի խնդիրն անձերի հետ չէ:
«Այժմ Նիկոլ Փաշինյանի թիրախում է հայտնվել ԱԱԾ-ն, քանի որ այն ղեկավարին, որը չունի պետական մտածելակերպ կամ աշխարհայացք, որը բացառապես իր շահերով է առաջնորդվում, առաջին հերթին խանգարում են հենց հատուկ ծառայությունները: Իր խնդիրն անձերի հետ չէ, պետականության, պետական ինստիտուտների, անվտանգություն ապահովող ենթակառուցվածքների հետ է»,-նշեց նա: