Նոր տնտեսական մարտահրավեր. կոլապսն անխուսափելի՞ է
Մինչ իշխանությունները հպարտանում են անցած տարվա տնտեսական ձեռբքերումներով ու խոսում ընթացիկ տարվանից իրենց ունեցած ակնկալիքների մասին (խոսք է գնում 2020-ին 8-9%-անոց տնտեսական աճ արձանագրելու մտայնության մասին), բառացիորեն կործանման եզրին է հայտնվել երկրի ավտոշուկան. ղազախները ոչ միայն դադարել են Հայաստանից մեքենա գնել, այլև խոսք է գնում նրանց կողմից արդեն իսկ գնված ու Հայաստանից դուրս բերված ավտոմեքենաների հետվերադարձի մասին, ինչը պայմանավորված է ղազախական իշխանությունների՝ նույնիսկ սեփական քաղաքացիների համար անակնկալ դարձած մաքսային քաղաքականությամբ, որ իրական դժգոհությունների առիթ է դարձել ԵԱՏՄ անդամ այդ երկրի ներսում. իրենք՝ Ղազախստանի քաղաքացիները սեփական կառավարությանը մեղադրում են իրենց խաբելու ու փաստի առաջ կանգնեցնելու մեջ, քանի որ նախկինում վստահեցրել էին, որ ԵԱՏՄ անդամ երկրներից ձեռքբերված ավտոմեքենաների հետ կապված խնդիրներ չեն առաջանալու ու հավելյալ մաքսատուրքեր չեն պահանջվելու: Մինչդեռ այժմ Ղազախստանը սեփական քաղաքացիներից պահանջում է վճարել մաքսազերծման հին և նոր դրույքաչափերի տարբերությունը, մասնավորապես, Հայաստանից ու Ղրղզստանից ներմուծված մեքենաների համար:
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա սկզբից հայկական պետհամարանիշներով Ղազախստան բերված ավտոմեքենաների թիվը կազմել է 2507 միավոր, իսկ ահա 2019-ին այդ թիվը եղել է 38,558 այն դեպքում, երբ 2018-ին այն կազմել է 7243, իսկ ահա 2017-ին՝ ընդամենը 35: Ասել կուզի՝ առնվազը 2019-ին Հայաստանում վաճառված ավտոմեքենաների գնորդների մի զգալի մասը, եթե չասենք էական տոկոսը, հենց ղազախներն են եղել:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ ՊԵԿ-ի՝ միայն 2019-ին մաքսային ձևակերպում է ստացել 189,018 մեքենա, ինչը 2018-ի համեմատությամբ 125,000-ով ավելի է: Հարկ է ընդգծել, որ Հայաստան ներմուծված ավտոմեքենաների թվի նման տպավորիչ աճը հիմնականում բացատրվում է ավտոներկրողների կողմից նախապես արված, բայց այսօր արդեն սեփական սնանկությունն ապացուցած բիզնես հաշվարկներով. հիմնական խաղադրույքն ավտոներկրողները կատարել են ղազախների վրա: Ավելին՝ Հայաստան մեքենաներ են ներմուծել ոչ միայն այդ բիզնեսում երկար տարիներ ներգրավվածություն ունեցող անհատներն ու կազմակերպությունները, այլև բիզնեսի այդ տեսակի հետ նախկինում չառնչված բազմաթիվ քաղաքացիներ՝ հույս ունենալով ներկրված մեքենաները վաճառել էապես թանկ ու ստանալ գերշահույթ: Շատերն, անգամ սեփական ինչքը գրավի տակ դնելով, բանկերից հսկայական վարկեր են վերցրել ու, փաստորեն, մտել ֆինանսական մեծ բեռի տակ՝ կրկին ղազախների հույսով, քանի որ բուն Հայաստանի ներսում, պայմանավորված սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակով, ինչպես նաև մի շարք այլ օբյեկտիվ հանգամանքներով, ավտոմեքենաների պահանջարկը խիստ ցածր է:
Չնայած Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել է, որ ավտոմեքենաների վաճառքի հարցի առնչությամբ ղազախական կողմի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, սակայն դեռևս, ըստ էության, լիովին հասկանալի չէ, թե ինչ հանգուցալուծում կստանա իրավիճակը:
Խնդիրը, որը, թվում է, իրենից ներկայացնում է բացառապես տնտեսական հարց, իրականում կարող է ունենալ նաև քաղաքական հետևանքներ՝ պայմանավորված առաջին հերթին այն բացասական տնտեսական էֆեկտով, որ կարող է առաջանալ ստեղծված իրավիճակի պատճառով: Բանն այն է, որ ըստ որոշ գնահատականների՝ նախորդ տարի միայն մեքենաների ներմուծումը կազմել է ամբողջ ներմուծման մոտ 12%-ը, ինչի արդյունքում 2019-ին պետական բյուջե է մտել մոտ 180-200 մլն դոլար գումար: Եթե հայաստանյան ավտոշուկայի ոչնչացման կանխարգելման ուղղությամբ ՀՀ կառավարությունը քայլեր չձեռնարկի, ապա հետևանքները կարող են իսկապես ծանր լինել. պետական բյուջեն ոչ միայն կզրկվի հավելյալ եկամուտներից, այլև չի վերականգնվի կապիտալի այն արտահոսքից առաջացած վնասը, որ առաջ էր եկել դրսից մեծ թվով մեքենաների գնման ու դրանք Հայաստան ներկրման պատճառով: Այսինքն՝ ստեղծվելու է սոցիալական լարման նոր օջախ, ինչը չի կարող բացասաբար չազդել իշխանությունների հանրային վարկանիշի վրա, որն առանց այն էլ շրիշակի մակարդակի է իջել:
Այս պայմաններում խոսել տպավորիչ տնտեսական աճի մասին, թերևս, կարող է միայն կա՛մ անուղղելի լավատեսը, կա՛մ այն կառավարությունը, որն արդեն իսկ գտել է իրավիճակից դուրս գալու ելքն ու հստակ պատկերացնում է՝ ինչ գործիքակազմերի օգնությամբ է լուծելու մարտահրավերները: Եվ ուրեմն՝ ո՞րոնք են իշխանությունների լավատեսության հիմքերը, երբ «նոր Հայաստանի» տնտեսական զարգացման մոդելը նույնիսկ հստակ բանաձևված էլ չէ: