Կորսիկայում անտառային հրդեհների հետևանքով 1100 հա տարածք է ոչնչացել (լուսանկարներ)
Ֆրանսիական Կորսիկա կղզում անտառային հրդեհները ոչնչացրել են 1100 հա տարածք, դրանք տեղի բնակչությանը և բնակելի շենքերին չեն սպառնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Կորսիկայի պրեֆեկտուրայի տարածած հայտարարությանը:
«Այս պահի դրությամբ հրդեհի թիրախում է հայտնվել 1100 հա տարածք: Կյանքի բնականոն հունին վերադառնալու համար մի քանի օր անհրաժեշտ կլինի»,- հայտարարել են կորսիկյան իշխանությունները:
«Կուենցա (Հարավային Կորսիկայի դեպարտամենտ) և Սոլարո (Վերին Կորսիկա) կոմունաների միջև անտառային հրդեհը ներկա դրությամբ բնակչությանը և բնակելի շենքերին որևէ կերպ չի սպառնում»,- ասվում է հայտարարության մեջ:
Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն, քննություն է տարվում:
Հրդեհաշիջման համար հրդեհի օջախներ դժվար է հասնել, մոբիլիզացվել են հարյուրավոր մարդիկ` 120 տեղացի հրշեջ, մայրցամաքային Ֆրանսիայի հարավից նրանց 120 գործընկերները, զինծառայողներ, անտառապահներ և ժանդարմներ:
Հրդեհի դեմ պայքարում են նաև համապատասխան սարքավորումներով ինքնաթիռները, ուղղաթիռները և հատուկ տեխնիկան: