Արգենտինայում երկգլխանի երեխա ծնած մայրը բողոք է ներկայացրել բժիշկների դեմ
Արգենտինայի Սանտա Ֆե նահանգի Ռեկոնկիստա քաղաքի բնակչուհին երկգլխանի երեխա է լույս աշխարհ բերել, մինչդեռ հղիության ընթացքում անցկացրած երկու ուլտրաձայնային հետազոտություններն էլ պտղի մոտ շեղումներ ցույց չեն տվել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով արգենտինական Uno Santa Fe պարբերականին:
Կնոջ ընտանիքի փաստաբան Օսկար Վասկեսի խոսքով` բժիշկները ծննդաբերության ժամանակ խնդիրներ են հայտնաբերել երեխայի սրտի աշխատանքի հետ կապված և նշանակել են կեսարյան հատում: Բժիշկները տեղեկացրել են, որ երեխան ծնվել է մահացած և անոմալիայով:
Ընտանիքը որոշել է դիմել դատախազություն` բողոք ներկայացնելով բժշկական սխալի վերաբերյալ, որը թույլ չի տվել հայտնաբերել պտղի շեղումը, ինչպես նաև «երեխային փոխելու» հնարավոր դեպքի վերաբերյալ:
Երկրորդ հայցի պատճառ է հանդիսացել մանկաբարձի ստորագրած փաստաթուղթը:
«Ես փաստաթուղթ ունեմ, որը ստորագրվել է մանկաբարձի կողմից, և դրա մեջ ասվում է. ողջ է ծնվել, 4 կիլոգրամ 550 գրամ քաշով: Բայց տատիկին ասել են, որ ծնվել է մահացած»,-ասել է փաստաբանը:
Ներկայում գործով զբաղվում է դատախազությունը: