Անցումային փուլը միշտ երկակի է՝ և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն. Հրանտ Տեր-Աբրահամյան (տեսանյութ)
Պատմական գիտությունների թեկնածու, հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը և հրապարակախոս, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը այս անգամ զրուցել են գլոբալ միտումների շուրջ:
Սամվել Ֆարմանյանի մեջբերում է չինական մի ասացված՝ «ոչ երանի այն սերունդներին, որոնք խառնակ ժամանակներում են ապրում»:
«Փորձենք նայել չինական ասացվածքի տեսակետից. մեր ժողովրդի վերջին հարյուրամյակի պատմությանը կամ մի փոքր ավելի հեռու նայելով՝ կտեսնենք, որ համաշխարահային միտումների տեսակետից բոլոր անցումային կամ խառնակ ժամանակներում հայ ժողովուրդը քիչ թե շատ համաչափ է գնացել այդ գլոբալ միտումներին՝ 1880-ական թվականների քաղաքական կուսակցությունների շարժումների մեջտեղ գալով, երբ ազգային հարցերը սրվում էին, ամեն ժողովուրդ ձևավորում էր իր ազգային օրակարգը՝ ընդհուպ մինչև 1920-ական թվականներ, որը հանգեցրեց Հայաստանի խորհրդայնացմանը: Գլոբալ առումով՝ դա մեծ միտում էր, անունը դնենք հեղափոխություն թե մեծ անցում, մենք համաքայլ ենք եղել»,ասաց նա:
Սամվել Ֆարմանյանը հիշեցրեց, որ նույնը տեղի է ունեցել Խորհրդային միության փլուզման շրջանում, երբ երկաթե վարագույրը վերանում էր, մեր ազգային շարժումը, ժողովրդավարական միտումները համաչափ էին և գլոբալ միտումների մասն էին կազմում:
«2018-ի իրադարձությունները շատ ավելի թարմ են, բայց ավելի ներկղզիացած՝ ներհայկական են, այդքան էլ առնչություն չունեն գլոբալ միտումների հետ, բայց սա թողնենք ժամանակի գնահատականին: Անցումային ժամանակաշրջանի սերունդներին բարդ է ապրել և գործել այդ ժամանակահատվածում՝ խաղի նոր կանոններով, նոր ձգտումներով, բայց պատմական փորձը ցույց է տալիս, որ մեծ երազանքներն են գծվում, իրականացվում կամ չիրականացվում հենց այդպիսի բարդ անցման փուլում, նման էպոխաները որքան մեծ դժվարություններ են անխուսափելիորեն բերում, նույնքան էլ հնարավորություններ են ստեղծում մեծ արդյունքներ գրանցելու համար»,-ասաց նա:
Ըստ Հրանտ Տեր-Աբրահամյանի՝ անցումային փուլը միշտ երկակի է՝ և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն: «Անցումային ժամանակաշրջանը նաև ստեղծագործական շրջան է, երբ հնարավորություն ունես իրականացնել երազանքները: Այն տրամաբանությունը, որը կա այդ չինական ասացվածքի մեջ, ես ընկալում եմ որպես թույլի տրամաբանություն՝ անկենսունակ հասարակության և մարդու տրամաբանություն, իսկ կենսունակ և ուժեղ մարդու տրամաբանությունը հակառակն է՝ անցումային ժամանակաշրջանը օգտագործել որպես հնարավորություն, և դրա պատմական օրինակները մենք շատ ունենք»:
Նա նկատեց՝ հաճախ, երբ ապրում ենք ինչ որ մի ժամանակաշրջանում մեզ թվում է՝ դա է հավետը, օրինակ՝ մենք տեսել ենք Սովետական միությունը և մեզ թվացել է, թե դա է հավերժ, հիմա՝ այսօրվա աշխարհն ենք տեսնում և մեզ թվում է թե դա էլ է հավերժ, բայց պատմությունն այլ բան է ապացուցում, և այն ժողովուրդները, որոնք կարողանում են պատմական այդ փորձը ճիշտ ձևով ամփոփել, իրենք ապացուցում են, որ այդ անցումն անխուսափելի է:
«Ճիշտ է, մենք ունեցել ենք ողբերգական շրջան, երբ անցումային շրջանը ի վնաս մեզ եղավ և դա մեր մեջ նստած է, բայց եթե ընդհանուր վերցնենք Հայոց պատմությունը, մեր ժողովուրդը բնազդով, գուցե նաև գիտակցված, պատկանում է ավելի կենսունակ ազգերի շարքին: Հենց թեկուզքրիստոնեության ընդունումը. հենց այդ փոփոխության ժամանակը գալիս է, մենք ճիշտ արձագանքելու կարողությունը ունենում ենք, և այդպես մինչև մեր օրեր՝ Ղարաբաղյան շարժում, որը մասն էր արևելյան Եվրոպայում այսպես կոչված թավշյա շարժման: Հիմա այդ տերմինը մի քիչ այլ կոնտեքստում է օգտագործվում, բայց այն ժամանակ էլ էր այդպես: Այսօր մենք շատ մոտ ենք այս իրադարձությանը, և մեջն ենք ապրում, միգուցե մենք չենք կարող ճիշտ գնահատել, թե այդ իրադարձությունը ինչ մեծ կոնտեքստի մաս է, միգուցե մեզ թվում է, որ այն ներքին է, բայց ինձ թվում է, որ աշխարհում տեղի ունեցող ինչ-որ փոփոխությունների հետ առնչություն, այդուհանդերձ, ունի»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: