Բրիտանացի մասնագետները հայտնել են 2019-nCoV տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման գործում մեծ առաջընթացի մասին
Լոնդոնի Կայսերական քոլեջի պրոֆեսոր Ռոբին Շեթոքը հայտնել է, որ իր ղեկավարած թիմը լուրջ առաջընթաց է գրանցել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու գործում:
Ինչպես փոխանցում է Sky News-ը, մասնագետի խոսքով՝ հաջորդ շաբաթ իրենք պատրաստվում են սկսել պատվաստանյութի փորձարկումները կենդանիների վրա, իսկ մարդկանց վրա փորձեր կկարողանան իրականացնել ամռանը՝ բավարար ֆինանսավորման առկայության պարագայում:
Շեթոքը նշել է, որ իրենց հաջողվել է կրճատել պատվաստանյութի ստեղծման ժամանակահատվածը՝ 2-3 տարուց հասցնելով 14 օրվա: Գիտնականն, այնուամենայնիվ, նշում է, որ 2019-nCoV կորոնավիրուսի ներկայիս համաճարակի դեմ պայքարում իր հայտնագործությունն ուշացած է, սակայն այն մեծ նշանակություն կունենա, եթե վիրուսի բռնկումը երբևէ կրկնվի:
Կորոնավիրուսի հետևանքով վերջին տվյալների համաձայն Չինաստանում 490 մարդ է մահացել, ավելի քան 24 300-ը վարակված են: