Սննդային թունավորմամբ հիվանդանոց տեղափոխվածները նշում են, որ կերել են «Զեյթուն» ապրանքանիշի խմորեղեն. ահազանգի հետքերով
Ստեփանավանի ԲԿ-ում վերջին օրերին սննդային թունավորվմամբ տեղափոխվել են 12 հոգի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Ստեփանավան» Բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Հասմիկ Մհերյանը:
«Ինձ դիմել են 12 հոգի, և այսօր ավելի շատ դրական դինամիկա է գրանցվել նրաց մոտ»,-ասաց նա և հայտնեց, որ արդեն մեկ հոգի դուրս է գրվել:
Բժիշկը տեղեկացրեց, որ հիվանդները տեղափոխվել են հունվարի 28-ից հետո, որից վեցը` փետրվարի 2-ին: «Նրանք ասում են՝ ամեն ինչ կերել են, ասում են, որ երկու օր առաջ էկլեր են կերել, էկլերը բոլորի սննդակարգում կա, նշում են «Զեյթուն» ֆիրմայի էկլեր»,-ասաց նա:
Նշենք, որ Tert.am-ը քաղաքացիներից մեկից ահազանգ էր ստացել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ես և իմ մանկահասակ բալիկները գտնվում ենք Ստեփանավանի բժշկական կենտրոնում, սննդային թունավորման նախանշաններով, նույն ախտորոշմամբ մեր բաժանմունքում կան 6 ից ավելի հիվանդներ, բոլորն էլ թունավորվել են «Զեյթուն» ֆիրմայի էկլերներից։ Վանաձորի ԲԿ-ում հիսունից ավելի հիվանդ կա նույն թունավորմամբ:
Կապ հաստատեցինք նաև «Զեյթուն ՍՎԻԹ» Սահմանափակ պատասխանատվության ընկերության սանիտարական մասով մասնագետ, բժիշկ Ինա Կոջոյանի հետ, ով նշեց, որ դեպքից տեղյակ են և փորձում են պարզել պատճառը: «Այս պահի դրությամբ նմուշները տրված են լաբորատորիա, սպասում ենք պատասխանի: Երբ լաբորատորիայի պատասխանները լինեն, նոր կտեսնենք՝ մեր էկլերից է եղել, թե այլ խնդիր է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե գուցե հին է եղել, նա ասաց, որ հին չի կարող լինել: «Ամբողջը պատրաստվում և միանգամից առաքվում է խանութներ: Հումքը, ամեն ինչը թարմ, ժամկետի մեջ է: Ես չեմ կարող պատճառը ասել, քանի որ մենք արտադրամասում խնդիր չունենք, հիմա լաբորատորիայի պատասխանից ելնելով կհասկանանք, թե խնդիրը մեզանի՞ց է եղել, թե գուցե խանութներում ոչ ճիշտ պայմաններում պահվելուց: Գուցե նշում են, որ էկլեր են կերել, բայց այլ բան ևս կերել են, հիմա վիրուս կա, միգուցե այդ վիրուսի հետ է կապված է: Ոչ կարող ենք ժխտել, ոչ ասել, թե մեր էկլերներից է»,-ասաց նա:
Նշենք, որ «Վանաձոր» բժշկական կենտրոնից տեղեկություն չհաջողվեց ստանալ: