Բրիտանացի պատգամավորին քննադատել են «չափազանց» բաց զգեստի համար, վերջինս արձագանքել է
Բրիտանացի պատգամավոր և դերասանուհի Թրեյսի Բրեբինը համացանցում քննադատությունների է ենթարկվել խորհրդարանի նիստի ժամանակ ուսը բաց զգեստ կրելու համար:
Ինչպես հաղորդում է CNN-ը, 58-ամյա Թրեյսին, որը ներկայացնում է Լեբորիստական կուսակցությունը, արձագանքել է իր հասցեին ուղղված մեղադրանքներին: Սոցցացի մի շարք օգտատերեր նշել էին, որ նման զգեստը հարիր չէ խորհրդարանում ելույթ ունենալիս կրելու համար:
Օգտատերերից ոմանք հետաքրքրվել էին, թե արդյոք նա գինովցած չի՞ եղել կամ չի՞ պատրաստվել նիստերի դահլիճում երեխային կրծքով կերակրել:
Այդ ամենին ի պատասխան քաղաքական գործիչը մեկ թվիթերյան գրառում է կատարել. «Ներողություն, ես ժամանակ չունեմ պատասխանելու բոլոր այս հարցով մեկնաբանություններին, սակայն կարող եմ հաստատել, որ ես գինովցած չեմ, կրծքով չեմ կերակրում և չէի պատկերացնում, որ իմ ուսը մարդկանց մոտ նման հուզումներ կառաջացնի»: Նրա այդ «թվիթը» 80 000 մարդ է հավանել: