Ցանկացած խորացող կոռուպցիոն ռիսկ ռումբ է դառնալու ձեր իշխանության համար. Անի Սամսոնյանը՝ իշխանության ներկայացուցիչներին՝շինթույլտվությունների դիմաց Երևանին «ԿամԱԶ»-ներ նվիրաբերելու վերաբերյալ
Ցանկացած կոռուպցիոն ռիսկ, որի մասին մենք այսօր խոսում ենք, դուք պետք է շահագրգռված լինեք բացահայտել, որովհետև եթե այն խորացավ, ռումբ է դառնալու ձեր իշխանության համար: Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի բանավեճի ընթացքում, դիմելով իշխանության ներկայացուցիչներին, հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով շինթույլտվությունների դիմաց Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ»-ներ նվիրաբերելուն:
Անդրադառնալով դիտարկմանը, թե կոռուպցիոն դեպքն այն է, որ անհատը դրանից նյութական օգուտ է ստանում, պատգամավորն ասել է, թե կոռուպցիան չպետք է դիտարկել միայն անձնական օգուտի տիրույթում:
«Պարտադիր չէ դեպքն անվանել կոռուպցիա, եթե ինչ-որ մեկն օգուտ է տարել իր տուն: Պետությունը, տեղական իշխանությունները գնում են գործարարների հետ գործարքների և այդ գործարքներն ստեղծում են անհավասար, անարդար պայմաններ մյուս քաղաքացիների համար: Այստեղ է կոռուպցիոն ռիսկը: Եվ եթե մենք պարզենք, որ «ԿամԱԶ»-ների դիմաց տրված շինթույլտվությունները վնասել են մյուս քաղաքացիներին և նրանց դրել են անհավասար մրցակցության մեջ, սա կոռուպցիա է»,-պարզաբանել է պատգամավորը, որին հավելել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը. «կոռոիպցիան պոզով, պոչո՞վ է լինում»:
ԼՀԿ ներկայացուցիչները պնդել են՝ իրենց տեղեկություններով՝ քաղաքապետարանին արված նվերները չեն եղել կամավոր սկզբունքով, ինչն էլ հիմք է տալիս մտածել կոռուպցիոն ռիսկի մասին: «Երբ քաղաքապետ Հայկ Մարությանն ու նրա մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտարարում են, որ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և նրա հետ փոխկապակցված անձինք նվիրատվություն չեն արել, ես հասկանում եմ, որ իրենք թաքցնելու բան են ունեցել, որովհետև այդ նվիրատվությունները ստացել են վաղուց»,-հայտարարել է Խաժակյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Երևանի քաղաքապետարանին 3 «ԿամԱԶ» նվիրած «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը փաստացի Սամվել Ալեքսանյանին չի պատկանում, Անի Սամսանյանն ասել է.
«Մենք հիմար չենք, քաղաքացիներին էլ եկեք չհիմարեցնենք: Երբ Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունների բացում է լինում, կարմիր ժապավեն պետք է կտրի ՀՀ վարչապետը, Սամվել Ալեքսանյանն է վարչապետի կողքին կանգնած լինում: Նիկոլ Փաշինյանն է բազմիցս հայտարարել, և բոլորն են հայտարարել, որ Սամվել Ալեքսանյանը կապ ունի այդ ընկերությունների հետ: Հիմա ասել՝ նա կապ չունի, կոչվում է՝ մարդկանց հիմարեցնել»:
Արձագանքելով դիտարկմանը, թե քաղաքապետարանին գործարարների կողմից նվերներ անելը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորում է, Անի Սամսոնյանը նշել է՝ այդ դրսևորումը պետք է լինի կամավոր:
«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ինստիտուտը դեռևս չզարգացած՝ պետք չէ արժեզրկել այն, որովհետև դա ենթադրում է, որ յուրաքանչյուր բիզնես, յուրաքանչյուր գործարար պետք է անի մի բան, որը բարելավելու է իր տված վնասները շրջակա միջավայրին, քաղաքացիներին: Կարծում եմ՝ պետք է խուսափել այս ակնհայտ գործարքներից, որոնցում կան կոռուպցիոն ռիսկեր, ներկայացնել որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն. դրանից կարող է լավ բան չստացվել»,-ամփոփել է Անի Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը նվեր է ստացել 20 բեռնատարներ, որոնք, ըստ ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչների, տրվել են շինթույլտվությունների դիմաց: