Ուկրաինայի նախագահն առաջին անգամ հայտնվել է Time-ի շապիկին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ հայտնվել է ամերիկյան Time հանդեսի շապիկին: Ուկրաինացի գործչին նվիրված հոդվածը ստացել է «Ինչպես է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարում իր դերը աշխարհի մեծագույն քաղաքական դրամայում» խորագիրը:
Հոդվածի հեղինակը Զելենսկուն ներկայացրել է որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև գտնվող անձնավորություն: Նշվում է, որ ԱՄՆ-ում դեմոկրատները Զելենսկուն Թրամփի զոհն են համարում, իսկ հանրապետականները, ընդհակառակը, վերջինիս դիտարկում են որպես Թրամփի անմեղության վկա:
«Այդ դերերից և ոչ մեկը մոտ չէ նրան, ինչ պատկերացնում էր Զելենսկին, երբ հայտարարում էր երկրի նախագահի պաշտոնում իր թեկնածության մասին, սակայն գիտեր, որ աշխատանքը ծանր է լինելու»,- նշվում է հոդվածում:
Վերջնամասում հոդվածագիրը հիշատակում է Զելենսկու խոսքը, որը խոստովանել էր, որ ոչ ոքի չի կարող վստահել: