Հայաստանում կստեղծվի տվյալների մշակման կենտրոն. անձնական տվյալների մասին տեղեկությունը կմնա ՀՀ-ում և ինտերնետ հասանելիության խնդիրներ չեն լինի. «Softline Armenia» ընկերության տնօրեն
«Softline Armenia» ընկերությունը ստեղծելու է տվյալների մշակման կենտրոն, որի շնորհիվ անձնական տվյալների մասին տեղեկությունը կմնա Հայաստանում, ինչպես նաև ինտերնետ հասանելիության հետ կապված խնդիրներ չեն լինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Softline Armenia» ընկերության տնօրեն Սարգիս Հարությունյանը:
«Տվյալների կենտրոնի մշակման մասին մենք արդեն խոսում ենք մոտ 2 տարի, արդեն պատրաստվում ենք սկսել այդ նախագիծը: Այն իրենից ներկայացնում է data centre, տվյալների մշակման կենտրոն, որտեղ ծառայություններ են տրամադրվելու ցանկացած տեսակի անհատների և կազմակերպությունների՝ սկսած փոքր բիզնեսից, անհատներից մինչև կորպորատիվ հաճախորդներ»,- ասաց ընկերության տնօրենը:
Տվյալների մշակման կենտրոնը, Սարգիս Հարությունյանի խոսքով՝ ներհայաստանյան է լինելու. «Եթե հիմա օգտվում եք միջազգայինից, այս պարագայում կունենանք արդեն Հայաստանի ներսում գործող կենտրոն: Սրա դրական կողմն այն է, որ անձնական տվյալների մասին տեղեկությունը դուրս չի գա, կմնա Հայաստանում, ինտերնետի հասանելիություն հետ կապված խնդիրներ չենք ունենա»,- նշեց նա:
«Softline»-ը ՏՏ ոլորտի միջազգային խոշորագույն կազմակերպություններից մեկն է: Ընկերությունը ներկա է մոտ 50 երկրում՝ 95 քաղաքներում, իսկ Հայաստանում այն գործում է 2008 թվականից: «Softline Armenia»-ն զբաղվում է ՏՏ տարբեր ծառայությունների մատակարարմամբ՝ ծրագրային ապահովում, սարքավորումների ներմուծում, վաճառք և այլն:
Ըստ Սարգիս Հարությունյանի՝ Հայաստանի ՏՏ ընկերությունների տված պրոդուկտները միջազգային շուկայում մրցունակ են, բայց խնդիրն այն է, որ հայկական պրոդուկտներն ավելի քիչ են պահանջված հայկական շուկայում: Ընկերության տնօրենը Հայաստանում ՏՏ ոլորտի հիմնական խնդիրներից մեկն է համարում կրթության արդիականացումը:
«Softline Armenia»-ի ղեկավարի կարծիքով՝ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դառնալու նախադրյալներ ունի, բայց դժվարացավ կանխատեսումներ անել. «Շատ հանգիստ կարող է Հայաստանը հայտնվել ՏՏ առաջատար երկրների ցանկում, որովհետև աշխարհագրական դիրք, տարածքներ պետք չեն այստեղ: ՏՏ զարգացման համար պետք են մտքեր, մարդիկ, որոնք այդ մտքերը կօգտագործեն: Այսօր մենք ունենք այդ պոտենցիալը»:
Մանրամասները՝ տեսանյութում: