Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման փաստը կարևոր էր, բայց բովանդակային առաջընթաց չարձանագրվեց. Ալեն Ղևոնդյան (տեսանյութ)
Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման փաստը կարևոր էր, սակայն շոշափելի առաջընթաց չարձանագրվեց: Այս մասին «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
«Աշխատանքային հանդիպում էր, մեծ հաշվով: Երբեմն այսպիսի հանդիպումների փաստը կարևոր է գործընթացը շարունակելու համար»,- ասել է նա:
Նա հանդիպման փաստը դրական է գնահատել՝ միաժամանակ արձանագրելով, որ բովանդակային առաջընթաց չի գրանցվել:
«Ընդհանուր առմամբ, հանդիպման փաստը դրական եմ գնահատում: Մեկնաբանությունները, պաշտոնական հաղորդագրությունները հանդիպման փաստի իրողության մեջ լիովին տեղավորվում են: Բայց չեմ կարծում, որ բովանդակային առումով, կամ ընդհանրապես՝ ունենք շոշափելի առաջընթաց»,- ասել է Ղևոնդյանը:
Նա առկա իրավիճակում անհնար է համարում կողմերի դիրքերի մերձեցումը, շոշափելի առաջընթացը բանակցային գործընթացում:
«Երբ որ խորը վերլուծության ենք ենթարկում պրոցեսները, հասկանում ենք, որ դիրքային մերձեցման հնարավորությունը փոքր է: Կողմերը պատրաստ չեն գնալ սկզբունքային զիջումների»,- ասել է նա:
Անդրադառնալով երկու նախարարների հանդիպման նախաշեմին Ադրբեջանի կողմից տարածված հայտարարությանը՝ Ղևոնդյանն ընդգծել է, որ փաստաթղթում բովանդակային նորություն չկար, սակայն նման քայլն ինքնին նպատակ էր հետապնդում ապակառուցողական ազդեցություն գործել բանակցությունների վրա:
«Մեմորանդումի տարածումը, մի կողմից ուղղված էր բանակցությունների վրա ճնշում գործադրելուն, մյուս կողմից՝ թիրախը հայ հասարակությունն էր, որովհետև հանրային դիվանագիտության միջոցով կարող է ազդեցություն գործել մեր հանրային կարծիքի, ինքնավստահության վրա: Իզուր չէ, որ տարբեր մակարդակներով հնչեցվեցին բանակցային գործընթացից դուրս գալու կոչեր, դիտարկումներ և այլն»,- ասել է նա:
Մանրամասները` տեսանյութում։