Ջասթին Թիմբերլեյքը դերասանուհի Ալիշա Վեյնրայթի հետ սիրառատ լուսանկարների արտահոսքից հետո հրապարակավ ներողություն է խնդրել կնոջից (լուսանկարներ)
Ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և դերասան Ջասթին Թիմբերլեյքն իր և դերասանուհի Ալիշա Վեյնրայթի հետ սիրառատ լուսանկարների արտահոսքից հետո հրապարակավ ներողություն է խնդրել կնոջից՝ դերասանուհի Ջեսիկա Բիլից, գրում է Daily Mail-ը:
38-ամյա Թիմբերլեյքը հայտնել է, որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և չի գիտակցել իր քայլերը: Նա նշել է, որ առհասարակ փորձում է զերծ մնալ ասեկոսեներից, սակայն այս դեպքում նախընտրում է խոսել և պարզաբանել իր արարքը, քանի որ այս սկանդալը «ցավեցնում է իր սիրելիներին»:
«Մի քանի շաբաթ առաջ ես մեծ սխալ եմ թույլ տվել… բայց թույլ տվեք պարզաբանել, որ իմ և խաղընկերոջս միջև ոչինչ չկա»,- ասել է նա:
Դերասանի խոսքով՝ իր այդ վարքագծով «չէր ցանկանա օրինակ ծառայել որդուն»՝ Սայլաս Ռենդալ Թիմբերլեյքին:
Շարունակելով նամակը՝ Թիմբերլեյքը գրել է. «Ներողություն եմ խնդրում իմ հիասքանչ կնոջից ու ընտանիքից՝ նրանց ամոթալի իրադրության մեջ դնելու համար»:
Դերասանը նաև հայտնել է, որ այսուհետ կանի անհնարինը՝ լավ ամուսին ու հայր լինելու համար:
Թիմբերլեյքը նշել է, որ չափազանց հպարտ է Palmer ֆիլմում հանդես գալու համար, որը նկարահանվել է Նյու Օրլեանում՝ դերասանուհի Ալիշա Վեյնրայթի հետ:
«Անհամբերությամբ սպասում եմ ֆիլմի հաջորդ նկարահանումներին»,- հավելել է դերասանը:
Նշենք, որ պապարացիները նոյեմբերի 21-ին լուսանկարել էին Ջասթին Թիմբերլեյքին և Ալիշա Վեյնրայթին, որտեղ դերասանը բռնել էր Վեյնրայթի ձեռքը:
Թիմբերլեյքը և Ջեսիկա Բիլն ամուսնացել են 2012 թվականին: Լուսանկարներում դերասանը չի կրել իր ամուսնական մատանին: