Մելիք-Ադամյան փողոցում հասարակական կարգը ապահովելու համար ոստիկանական ուժեր են տեղակայված
Երևանի Մելիք-Ադամյան փողոցում ոստիկանության զորքերի մեքենաներ են տեղակայված: Tert.am-ի տեղեկություններով՝ Կառավարության հարակից տարածքում ոստիկանության ուժերի տեղակայումը պայմանավորված է նախկին արծվաշենցիների բողոքի ակցիայով:
Նշենք, որ արծվաշենցիները տարիներ շարունակ պահանջում են դեռևս 1992 թվականին կորցրած տների ու սեփականությունների փոխհատուցումը: Ոստիկանության ուժերի վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Tert.am-ի այն հարցին, թե ի՞նչ նպատակով են մեքենաներ տեղակայվել Կառավարության ետնամուտքի հատվածում, պատասխանեց. «Մելիք-Ադամյան փողոցում հասարակական կարգը ապահովելու համար է»։
Հարցին, թե ի՞նչ կարգ է խախտվում, որն ապահովում են, Զարզանդ Գաբրիելյանն ասաց. «Ծառայություն են իրականացնում։ Ոստիկանությունը իր վրա դրված պարտականություններն է իրականացնում»։
Ոստիկանությունից այլ մանրամասներ չհայտնեցին: