Չի կարելի անել տեղական հանրաքվե և դա լինի ոչ պարտադիր, դա ընտրական ինստիտուտի հերն անիծում է. Էդմոն Մարուքյանը 3 դիտարկում արեց համայնքների խոշորացման վերաբերյալ
ԱԺ նիստին «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով երեք դիտարկում արեց համայնքների խոշորացման հետ կապված:
«Հեղափոխությունից առաջ համայնքների խոշորացումը եղել է ոչ միանշանակ ռեֆորմ, եթե չասեմ, որ բոլորը, ապա մեծամասամբ ընդդիմությունը դեմ է եղել, որովհետև ոչ միանշանակ ռեֆորմ է եղել»,- ասաց նա:
Մարուքյանը հետաքրքրվեց՝ գնահատում եղե՞լ է, արդյո՞ք լավ է, թե վատ, որ այդ համայնքները խոշորացվել են: «Քանի որ նույն մարդն է շարունակում սրանով զբաղվել»,- ասաց Մարուքյանը, ապա դիմեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին,- «Պարո՛ն Տերտերյան, ամենայն հարգանքով, Դուք հո չե՞ք գնահատելու ու ասելու, որ սխալ էինք անում մինչև հեղափոխությունը: Դուք չպիտի գնահատեք, Դուք չգնահատե՛ք, բայց այս գնահատումը կարևոր է՝ ճի՞շտ է արվել, թե ճիշտ չի արվել»:
Ըստ Մարուքյանի երկրորդ հանգամանքն այն է, որի մասին էլի անընդհատ իրենք խոսել են, այն է, որ չի կարելի անել տեղական հանրաքվե և դա լինի ոչ պարտադիր: «Դա ընտրական ինստիտուտի հերն անիծում է, որովհետև գյուղերում մարդիկ ասում են՝ այ ախպեր ջան, գնացինք բոլորով դեմ քվեարկեցինք, էլի խոշորացրին, ուրեմն ընտրությունները սուտ են, ու պառլամենտական ընտրություններին էլ չեմ մասնակցում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Ըստ պատգամավորի՝ մարդկանց չի լինի բացատրել, որ դա ոչ պարտադիր հանրաքվե է, որովհետև իրենք կարծում են, որ եթե համախմբվեն ու դեմ քվեարկեն, չի խոշորանալու. «Մեկ էլ համախմբվում են, կողմ են քվեարկում, կառավարությունը խոշորացնում է: Հետո էլ գնաս գյուղ, ասելու են՝ այ ախպեր բա իմացար ի՞նչ եղավ՝ սենց, սենց: Պարզաբանում ենք, ասում ենք՝ ոչ պարտադիր է, բայց կարո՞ղ է այդ մարդկանց ամբողջ օրը սահմանադրական իրավունք բացատրենք: Չի՛ կարելի անել հանրաքվե և դրա արդյունքը չլինի պարտադիր»,- ընդգծեց պատգամավորը:
Էդմոն Մարուքյանը ներկայացրեց ԼՀԿ դիրքորոշումը. խոշորացման յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է: «Դեպքեր կան, որ պետք է խոշորացնել, դեպքեր կան, որ չի կարելի խոշորացնել: Չենք կարող ցուցակով մտնել մարզերը ու ասել՝ այս 20 գյուղը միանում է այստեղ, այս 30 գյուղը՝ այս կողմ, այն մեկն էլ՝ այն կողմ»,- ասաց նա և խնդրեց անդրադառնալ իր կողմից բարձրացրած երեք խնդիրներին:
«Գնահատման հետ չգիտեմ ինչ կասեք, բայց ես դեպք չեմ հիշում, որ ասենք՝ այ այս մեկը շատ հաջողված է»,- եզրափակեց Մարուքյանը: