ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանն իր փոքր հեռահարության հրթիռները գաղտնի կերպով տեղափոխում է հարևան Իրաք. The New York Times
ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանն իր փոքր հեռահարության հրթիռները գաղտնի կերպով տեղափոխում է հարևան Իրաք, որտեղ արդեն երկու ամիս է՝ չեն դադարում բողոքի ակցիաներն ու քաոսը: Այս մասին գրում է The New York Times պարբերականը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության աղբյուրներին ու զինվորականներին:
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ իր տրամադրության տակ են հայտնվել Իրանի հետախուզական արխիվների հարյուրավոր էջեր, որոնք «վկայում են Իրանի փորձերի մասին՝ ներքաշվել Իրաքի քաղաքական կյանքի բոլոր ասպեկտներում»:
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Իրանն «օգտվել է Իրաքում տիրող քաոսից», որպեսզի փոքր հեռահարության հրթիռների գաղտնի զինանոց տեղակայի այնտեղ՝ «փորձելով վախեցնել Մերձավոր Արևելքին և այնտեղ իր իշխանությունը հաստատել»:
Աղբյուրների համաձայն՝ այդ հրթիռները սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերների և դաշնակիցների՝ այդ թվում Իսրայելի և Սաուդյան Արաբիայի համար:
ԱՄՆ-ի հետախուզության ներկայացուցիչները հայտարարում են, որ Իրանը հրթիռներն Իրաքում տեղակայելու համար օգտագործում է Իրաքի շիա զինյալ խմբավորումներին:
Հիշեցնենք, որ 2018թ.-ի մայիսի 8-ին ԱՄՆ-ն հայտարարել էր Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու որոշման մասին: Այս տարվա մայիսի 8-ին Իրանը միջուկային գործարքից հրաժարվելու առաջին քայլերն էր արել՝ հրաժարվելով կատարել համաձայնագրով սահմանված որոշ պարտավորություններ: Թեհրանը պարտավորությունների վերանայումը բացատրել էր ամերիկյան կողմի պատժամիջոցային ռեժիմի վերականգնմամբ, ինչպես նաև համաձայնագրի մյուս մասնակիցների՝ իրավիճակը կարգավորելու անկարողությամբ: