«Միայն խորը հարգանք». Թրամփը հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ունեցած հաջողության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ-ին վերաբերվում էին բացառապես հարգանքով, իսկ նրա մասնակցությունն այնտեղ շատ բարեհաջող էր: Այս մասին ամերիկացի առաջնորդը գրել է Twitter-ում:
«Կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցներն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի նվաստացնեն իմ բարեհաջող ուղևորությունը Լոնդոն ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Ես շատ լավ հանդիպումներ եմ ունեցել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ, նույնիսկ հասել եմ նրան, որ նրանք տարեկան 130 միլիարդ դոլարով ավելի են վճարում, երեք տարվա ընթացքում՝ 400 միլիարդ դոլարով ավելի: ԱՄՆ-ի համար ոչ մի ծախսերի աճ, միայն խորը հարգանք»,- Twitter-ում գրել է Թրամփը:
Նախօրեին համացանցում տարածվել է տեսանյութ, որում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ աշխույժ զրույց է վարում՝ ենթադրաբար խոսելով Թրամփի մասին: