ԱՄՆ Կոնգրեսում քննարկում են Դոնալդ Թրամփին անվստահություն հայտնելու հարցը. փորձագետները դրա համար պատճառներ տեսնում են
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով հանձնաժողովն այսօր կրկին քննարկում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվստահություն հայտնելու հարցը: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Ներկայացուցիչների պալատի Հանրապետական անդամ Քեն Բաքը ի աջակցություն Թրամփի հայտնել է, որ ԱՄՆ պատմության մեջ բազմաթիվ այլ նախագահներ են ունեցել կասկածելի վարք, սակայն երբեք չեն ենթարկվել իմպիչմենթի: Կոնգրեսականը հռետորական հարցեր է հնչեցրել ԱՄՆ բոլոր նախագահների իրականացրած վատ քայլերի վերաբերյալ, ընդ որում՝ Աբրահամ Լինքոլնից ընդհուպ Բարաք Օբամա, որոնք, ինչպես Բաքն է նշում, իրենց գործողությունները իջեցրին շատ կասկածելի մակարդակի՝ հիմնվելով դեմոկրատ անդամների առաջ բերած արժեքների վրա:
Իր հերթին, Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Վէլ Դեմինգսը Թրամփին մեղադրեց ամեն կերպ քննությանը խոչընդոտելու համար: Որպես ապացույց՝ դեմոկրատը մատնանշեց այն հանգամանքը, որ Սպիտակ տունը որևէ կերպ չի օժանդակել Թրամփի իմպիչմենթի հարցով լսումներին:
Ամերիկյան հեռուստաալիքի հաղորդմամբ՝ դեմոկրատների նախաձեռնած լսումներին ներկա է նաև 4 իրավական փորձագետ, որոնցից 3-ը Դոնալդ Թրամփի գործողություններում նրա իմպիչմենթի համար հիմքեր են տեսնում:
Պրոֆեսոր Մայքլ Գերհարդը հայտարարել է, որ եթե Ուկրաինայի հարցում Թրամփի գործողությունները իմպիչմենթի համար հիմք չեն հանդիսանում, ապա որևէ այլ բան նույնպես իմպիչմենթի հիմք չի լինի:
Նա հավելել է, որ արդարադատությանը խոչընդոտելու համար Թրամփին մեղադրելու համար առկա վկայությունները «ավելի քան բավարար են»:
Պրոֆեսոր Նոա Ֆելդմանն էլ իր հերթին հայտնել է, որ Թրամփն իրեն օրենքից վեր է դասում և իմպիչմենթի գործընթացի շրջանակում չի համագործակցում դեմոկրատների հետ:
Պրոֆեսոր Պամելա Կարլանը համաձայնել է իր գործընկերների հետ՝ ընդգծելով, որ Թրամփին պետք է պատասխանատվության ենթարկել:
Հանրապետական կուսակցության կողմից հանդես եկող իրավաբան-պրոֆեսոր Ջոնաթան Թերլին դեմոկրատներին հորդորել է Թրամփին անվստահություն չհայտնել միայն այն պատճառով, որ վերջինս անտեսում է իրենց ուղերձները:
«Եթե դուք պահանջում եք նախագահի իմպիչմենթը, եթե գնում եք դատարաններ և դա ներկայացնում որպես ծանր հանցագործություն և իրավախախտում, ապա դա իշխանության չարաշահում է: Դուք չարաշահում եք ձեր իշխանությունը և անում եք նույնը, ինչի համար քննադատում եք նախագահին»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովն ընդունել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ զեկույցը և այն փոխանցել իրավական հարցերով հանձնաժողով: