Ֆրանսիան Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է արել երկարաձգել «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագիրը
Ֆրանսիան Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է արել երկարաձգել «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագիրը և պայմանավորվել դրան փոխարինող նոր համաձայնագրի շուրջ: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ, գրում է ria.ru-ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Չինաստանը, իր կարծիքով, ցանկանում են ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել սպառազինությունների վերահսկման ոլորտում: Նա նշել էր, որ ԱՄՆ-ն մտածում է «Չինաստանի և Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման խոշոր համաձայնագրի մասին»։
«ԱՄՆ-ն և Ռուսաստանը, որոնց պատկանում է համաշխարհային միջուկային պաշարների գրեթե 95%-ը, հիմնական պատասխանատվություն են կրում միջուկային սպառազինությունների վերահսկման՝ գոյություն ունեցող գործիքների պահպանման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունը նշում է, որ Ֆրանսիան հավատարիմ է մնում սպառազինությունների վերահսկման գործիքներին, որոնք օգնում են ապահովել ռազմավարական կայունությունը: