Բրիտանիայում աղջիկը նամակ է գրել հանգուցյալ հորն ու պատասխան ստացել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Չեշիր նահանգի 6-ամյա բնակչուհի Հոլլի Մորգանը շնորհավորական նամակով մաղթանքներ է ուղարկել նախորդ տարի կյանքից հեռացած հորը և անսպասելիորեն պատասխան է ստացել: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Աղջնակի համար հոր կորուստը շատ ծանր էր և նա որոշել է բացիկ ուղարկել հայրիկին, որը հոկտեմբերին կդառնար 47 տարեկան: Ծրարի վրա նա գրել էր, որ մաղթանքներ է ուղարկում հայրիկին դեպի երկինք:
Մի քանի օր անց Հոլլին փոստարկղում նամակ է գտել իր անունով, որում ասվում էր որ «իր բացիկը կտրել անցել է աստղերն ու մյուս երկնային մարմինները և փոխանցվել է հայրիկին դրախտում»: Հոլլիի մայրը շնորհակալություն է հայտնել փոստատան աշխատակիցներին դստեր նկատմամբ հոգատարության համար: Կինը պատմել է, որ իր դուստրը շատ երջանիկ էր, երբ կարդաց պատասխանը:
«Այդ նամակը Հոլիի օրը տոն դարձրեց: Նա կարծում էր, որ փոստատարն իր նամակը հասցրել է երկինք: Կարծում եմ, որ պատահածը կօգնի նրան հասկանալ, որ նա կարող է գրել հայրիկին իր կյանքի մասին և այդ նամակները տեղ կհասնեն», - ասել է աղջկա մայրը:
Հոլլիի հայրիկը ծառայել է թագավորական զորքերում, Իռլանդիայում: Նա մահացել է բրոնխաթոքաբորբից: