Ո՞նց կարելի է անհամաձայնություն արտահայտողին անվանել անդաստիարակ. Նիկոլ Փաշինյանը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին (տեսանյութ)
Այսօր ԿԳՄՍ նախարարության մոտ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ-ական երիտասարդները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դժգոհեցին, որ Արայիկ Հարությունյանը բոլոր դաշնակցականներին, որոնք անհամաձայնություն են հայտնել նախարարության քաղաքականության հետ, անդաստիարակ է անվանել։
Ակտիվիստների բողոքին վարչապետ Փաշինյանը արձագանքեց այսպես․«Ո՞նց կարելի է ժամանակակից Հայաստանում անհամաձայնություն արտահայտող մարդուն անվանել անդաստիարակ, չէ, լավ էլի, կարող է՝ առանձին դեպք է ․․․ կարա ինչ-որ մեկը մի հատ առանձին դրսևորում ունենա, դրա վերաբերյալ...»։
Այդուհանդերձ, երիտասարդները վարչապետին փոխանցեցին թուղթ, որի վրա առանձնացրել էին նախարար Արայիկ Հարությունյանի վիրավորական արտահայտությունները՝ ուղղված իրենց։ Նիկոլ Փաշինյանը խոստացավ ծանոթանալ դրանց:
Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, ԿՄԳՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր, որ ցանկանում է դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, որ տեր կանգնեն իրենց կուսակցությանը:
«Այն անդաստիարակ պահվածքը, որը դրսևորում է «Դաշնակցությունը», պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին»,- ասել էր Արայիկ Հարությունյանը` նշելով, որ Հայաստանից դուրս եղած դաշնակցականները շատ ադեկվատ են, պատրաստակամ են կառուցողական աշխատանքի, ինչն այստեղ չի տեսնում:
Արայիկ Հարությունյանի այս հայտարարությանն արձագանքել էին ՀՅԴ-ական ակտիվիստները՝ նշելով, որ Արայիկ Հարությունյանի «ջղաձգությունը մեզ զարմացնում է, նրա տված որակումները հարիր չեն ԿԳՄՍ նախարարին»: