Թբիլիսիում ցույցերի ժամանակ բերման ենթարկվածներից 121-ին վարչական կալանքի են դատապարտել
Վրաստանի ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ հունիսի 20-ին Թբիլիսիում ցույցերի ժամանակ բերման ենթարկված 305 մարդկանցից 121-ի նկատմամբ վարչական կալանք են սահմանել, մյուսներն ազատ են արձակվել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ՆԳՆ հաղորդագրությամբ ասվում է, րո ազատ արձակվածները տուգանվել են կամ բանավոր նախազգուշացում ստացել:
ՆԳՆ-ից հայտնել են նաև, որ գերատեսչությունն սկսել է իրավապահների կողմից ծառայողական լիազորությունների չարաշահման մասին հնարավոր դեպքերի քննությունը: Գերատեսչության տվյալներով՝ այդ անձինք ներկա պահին չեն ծառայում ոստիկանության կազմում:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին զանգվածային բողոքի ցույցի մասնակիցները փորձել են գրոհել վրացական խորհրդարանի շենքը, որից հետո հատուկջոկատայինները նրանց ցրելու համար արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել: Բախումների ժամանակ տուժել էր 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան: Ներկա պահին տուժածներից 39-ը գտնվում են հիվանդանոցներում:
Ցույցերը պայմանավորված էին վրացական խորհրդարանում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգել Գավրիլովի՝ երկրի խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալու փաստով, որից հետո ընդդիմադիր ուժերն իրենց բողոքն են հայտնել: Նիստը խափանվել է, իսկ ռուսական պատվիրակությունը թիկնապահների ուղեկցությամբ հեռացել է նիստերի դահլիճից: