Թրամփը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախապատրաստելու մասին
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է մշակում Իրանի նկատմամբ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք առաջ ենք գնում Իրանի դեմ նոր պատժամիջոցներով», - ասել է Թրամփը՝ չմասնավորեցնելով, թե ինչ պատժամիջոցների մասին է խոսքը, և երբ դրանք կսահմանվեն:
Թրամփի խոսքով՝ գործող պատժամիջոցներն ուժեղ հարված են հասցրել Իրանին, որը ներկա պահին «տնտեսական մղձավանջ է ապրում»:
«Պատժամիջոցներն ուժեղ հարված էին նրանց համար: Կլինեն ավելի շատ պատժամիջոցներ, դժվար է հավատալ, որ նման պատժամիջոցներ ընդհանրապես հնարավոր է սահմանել: Սակայն այն ամենն, ինչ ես ուզում եմ, այն է, որ միջուկային զենք չլինի», - հավելել է ԱՄՆ ղեկավարը:
Նրա գնահատմամբ՝ Իրանը կարող է միջուկային զենք ունենալ 5-6 տարի հետո, սակայն ԱՄՆ-ն չի կարող սա թույլ տալ, ինչպես շեշտել է Թրամփը:
Հիշեցնենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության վերջին սրումը տեղի է ունեցել, երբ հինգշաբթի Իրանի «Իսլամական հեղափոխության պահակների կորպուսը» հայտարարել է իր օդային տարածքում ամերիկյան անօդաչու խոցելու մասին: Ավելի ուշ ամերիկյան կողմը հայտարարել է, որ անօդաչուն խոցվել է Հորմուզի նեղուցում՝ միջազգային օդային տարածքում: