«Արթիկ» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձինք դադարեցրել են հացադուլը և ջրադուլը
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այցելել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել հունիսի 9-ից հացադուլ հայտարարած կալանավոր Հ.Դ.-ին և հունիսի 17-ից հացադուլ և ջրադուլ հայտարարած կալանավոր Վ.Մ.-ին: Սոցցանցի իր էջում նման տեղեկատվություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Դատախազի կողմից նշված անձանց սահմանված կարգով հարցման ենթարկելու արդյունքում Հ.Դ.-ն հայտնել է, որ հացադուլը հայտարարել է իրեն առաջադրված մեղադրանքի, իսկ Վ.Մ.-ն՝ իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի հետ համաձայն չլինելու պատճառով:
Կայացած ընդունելության ընթացքում մարզի դատախազն անհրաժեշտ պարզաբանումներ է տվել նրանց բարձրացրած հարցերի, մի դեպքում մեղադրանքի էության, հիմնավորվածության, մյուս դեպքում՝ տվյալ խափանման միջոցի կիրառման հիմքերի, անհրաժեշտության հանգամանքների վերաբերյալ, բացատրել նրանց կողմին ընտրված բողոքը նման ծայրահեղ միջոցներով արտահայտելու բացասական հետևանքները և հորդորել հացադուլը և ջրադուլը փոխարինել իրենց իրավունքների իրացման իրավական միջոցներով:
Ընդունելության վերջում նշված անձինք հայտնել են, որ բավարարված են դատախազի այցով և տված պարզաբանումներով և նույն օրը դադարեցրել են հացադուլը և ջրադուլը»:
The post «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձինք դադարեցրել են հացադուլը և ջրադուլը appeared first on ԳԱԼԱ.