ԱՄՆ-ում 295 կգ կշռող տղամարդը 3 տարում նիհարել է 211 կգ-ով և վազորդ դարձել (լուսանկարներ)
ԱՄՆ Միչիգան նահանգի 42-ամյա բնակիչ Կառլոս Օրոսկոն ընդամենը 3 տարվա ընթացքում նիհարել է 211 կգ-ով: Մինչ այդ նա 295 կգ էր կշռում, գրում է Daily Mail-ը:
Կառլոսի խոսքով՝ ինքը միշտ «թմբլիկ» է եղել, սակայն սկսել է գիրանալ 30 տարեկանին մոտ, երբ տեղափոխվել է հայրական տնից: Երեսունութ տարեկանում նրա մոտ արդեն խիստ ճարպակալում և դրա հետ կապված մի շարք առողջական խնդիրներ են ի հայտ եկել:
Բժիշկները զգուշացրել են նրան, որ նման կենսակերպը շարունակելու դեպքում Կառլոսը կարող է մինչև 40 տարեկան չապրել: Նման կանխատեսումը սարսափեցրել է տղամարդուն, և նա ստամոքսը 75%-ով փոքրացնելու վիրահատություն է տարել, որի համար, սակայն, նախօրոք ստիպված է եղել սպորտի և սննդաբանի օգնությամբ 45 կգ-ով նիհարել:
Վիրահատությունից հետո Կառլոսը կամքի մեծ ուժով շարունակել է նիհարել՝ հասնելով 159 կգ-ի, սակայն որոշ ժամանակ դիմադրության է հանդիպել, որից նրան փրկել է վազքի հանդեպ արթնացած սերը:
Այժմ Կառլոսը կշռում է 85 կգ և հիանալի մարզավիճակում է գտնվում: Նա արդեն վազքի 36 մրցույթի է մասնակցել և այժմ պատրաստվում է իր առաջին մարաթոնին, որն անց կկացվի հոկտեմբեր ամսին: Տղամարդու խոսքով՝ ինքը դեն է նետել գեր ժամանակվա բոլոր հագուստները՝ բացի ջինսե տաբատից, որը պահում է մարդկանց ցուցադրելու նպատակով:
«Ես ինձ լրիվ նոր մարդ եմ զգում: Ինձ երկրորդ շանս է տրվել, ես այս անգամ ամեն ինչ ճիշտ անելու հնարավորություն ունեմ»,- ասել է Կառլոսը: