Հնդկաստանի՝ 9 մլն բնակչություն ունեցող քաղաքում խմելու ջրի խիստ պակասորդ է առաջացել
ժՀնդկաստանի Չեննայ քաղաքում, որը երկրում մեծությամբ 6-րդն է և ավելի քան 9 մլն բնակչություն ունի, արդեն մի քանի շաբաթ է՝ ջրի ծայրահեղ պակասորդ է առաջացել, ինչի հետևանքով խախտվել է կյանքի ռիթմը, շատ սրճարաններ, ռեստորաններ և հյուրանոցներ փակվել են, հաղորդում է BBC-ն:
Տեղի իշխանությունները 40%-ով կրճատել են ջրամատակարարումը, ամբողջ քաղաքում անջատվել են օդորակիչները, շատ ընկերություններ աշխատակիցներին տուն են ուղարկել, հիվանդանոցները բախվել են հիվանդների չափազանց մեծ հոսքի հետ:
Ստեղծված իրավիճակի ֆոնին քաղաքում աճում է լարվածությունը: Խմելու ջուր ունի միայն յուրաքանչյուր 4-րդ ընտանիք: Տեղական իշխանությունները փորձում են ջրի այլընտրանքային աղբյուրներ գտնել, օրինակ՝ պոմպերով ստորգետնյա հանքերից ջուր մղել, սակայն ստորգետնյա աղբյուրները նույնպես չորացել են: Դաշնային պաշտոնյաներից մեկի խոսքով՝ նման իրավիճակում Չեննայ քաղաքին կարող է օգնել միայն անձրևը:
Մասնագետների կանխատեսումների համաձայն՝ նմանատիպ իրավիճակ կարող է ստեղծվել Հնդկաստանի ցանկացած այլ խոշոր քաղաքում: Ներկայումս երկրում ջրի այս կամ այն մակարդակի պակասորդի հետ է բախվում շուրջ 600 մլն բնակիչ:
Հնդկաստանում անոմալ շոգ եղանակը, որը գրանցվել է մայիսի կեսից ի վեր, զանգվածային երաշտի է հանգեցրել, ինչի հետևանքով արդեն տասնյակ մարդիկ են մահացել: Հունիսի 10-ին մայրաքաղաք Նյու Դելիում ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել՝ ստվերում +48 աստիճան:
Հեռուստաալիքը նշում է, որ խմելու ջրի պակասորդը սպառնում է աշխարհի այլ խոշոր քաղաքների նույնպես, ինչպիսիքն են, օրինակ, Մոսկվան, Պեկինը, Ստամբուլը, Լոնդոնը և Տոկիոն: