Լիբիայում վերջին 3 օրում Միջերկրական ծովը հատել փորձող շուրջ 200 ապօրինի ներգաղթյալի են փրկել
Լիբիայի ռազմածովային ուժերի առափնյա անվտանգության ծառայության աշխատակիցները վերջին 3 օրում փրկել են 199 ապօրինի ներգաղթյալների, որոնք փորձել են 5 ռետինե նավակներով հատել Միջերկրական ծովը, հաղորդում է РИА Новости-ն՝ երկրի ռազմածովային ուժերի գնդապետ Այուբ Քասեմին հղումով:
Գնդապետի խոսքով՝ փրկարարական գործողությունն իրականացվել է մայրաքաղաք Տրիպոլիից դեպի հարավ-արևմուտք և հարավ-արևելք: Նա նշել է, որ առափնյա անվտանգության մոտորանավակներից մեկը 24 ժամվա մեջ ստիպված է եղել 3 անգամ ծով դուրս գալ՝ փրկելով 66 մարդու:
Քասեմն ընդգծել է, որ ապօրինի ներգաղթյալների մեջ մի շարք աֆրիկյան և արաբական երկրների, այդ թվում՝ Սուդանի, Հարավային Սուդանի, Սենեգալի, Սոմալիի, Եթովպիայի և Եգիպտոսի քաղաքացիներ կան: Փրկվածների մեջ մեծ թվով կանայք կան:
Լիբիայի տարածքային ջրերում բոլոր ապօրինի ներգաղթյալները տեղափոխվել են առափնյա անվտանգության բազա, որտեղ նրանց օգնություն ցուցաբերելուց հետո հանձնել են միգրացիոն ծառայության աշխատակիցներին: