Թբիլիսիում հաջողվել է փրկել ցույցերի ժամանակ ռետինե գնդակից տուժած 2 մարդու աչքը
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 20-ին և 21-ին տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ ոստիկանների արձակած ռետինե գնդակներից տուժած երկու հիվանդի աչքի բարդ վիրահատություն է իրականացվել, երկու դեպքում էլ բժիշկներին հաջողվել է պահպանել օրգանը, գրում է apsny.ge-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Նյու հոսպիտալ» բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիներից երկուսի աչքը մեծապես վնասված է եղել, բժիշկները ստիպված են եղել հեռացնել դրանք:
Հիշեցնենք, որ Վրաստանում հինգշաբթի և ուրբաթ բողոքի ցույցեր են ընթացել. ընդդիմադիրները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: Խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեն ցուցարարների պահանջով արդեն հրաժարական է տվել:
Զանգվածային ցույցերը մեկնարկել էին Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական նիստում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնելուց և այդտեղից ելույթ ունենալուց հետո:
Ավելի ուշ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ էր անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը: